Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված են նրանից, թե Երեւանը որքանով է պատրաստ զիջումների գնալու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, «Ուժի գործոն» հաղորդաշարի շրջանակում նման կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
«Այսինքն՝ եթե Երեւանը պատրաստ է տալ ամեն ինչ, ապա դա կարող է ստորագրվել նույնիսկ վաղը»,- նշել է ռուս փորձագետը։
Ալեքսանդր Սկակովի խոսքով, եթե նույնիսկ Բաքուն հասնի իր ուզածի կեսին, դա անընդունելի կլինի Երեւանի համար։
«Օրինակ, եթե Երեւանն ամբողջությամբ հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ խոսակցությունից, այս հարցի վերաբերյալ որեւէ արտահայտումից, սա լուրջ քայլ է խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Եթե Երեւանը պատրաստ է դրան, ապա Բաքուն, հավանաբար, ուրախ կլինի։ Հետո Բաքվի կողմից հնարավոր են զիջումներ հարցի շուրջ, օրինակ՝ սահմանի, սահմանազատման, սահմանագծման դիմաց՝ Երեւանի՝ Ղարաբաղից հրաժարվելու, այն պահելու, պաշտպանելու ցանկացած փորձից։ Եթե Երեւանը համաձայնի, ապա, իհարկե, պայմանագիրը կստորագրվի նույնիսկ վաղը»,- նշեց նա։
Ըստ ռուս փորձագետի՝ եթե խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մասին, ապա, իհարկե, խոսքը 1991 թվականի սահմանների մասին է, ավելի ճիշտ՝ խորհրդային սահմանների, քարտեզի վրա գծված սահմանների մասին։
«Այստեղ, իհարկե, կա սահմանազատում, սահմանագծում, այսինքն՝ սահմանի վիճելի հատվածներ։ Հիշեցնեմ, որ, երբ սահմանագծում եւ սահմանազատում եղավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կային վիճելի հատվածներ, եւ վեճը լուծվեց հօգուտ Ադրբեջանի։ Նույնը վերաբերում էր Ադրբեջանին եւ Վրաստանին։ Անգամ վրացական Դավիդ Գարեջայի սրբավայրի մի մասը հանձնվեց Ադրբեջանին։ Ուստի, Ադրբեջանն, իհարկե, կցանկանար իրավիճակն այստեղ կարգավորել իր օգտին։ Սահմանը ոչ մի կերպ չի գծագրվել: Այն իրականացվել է քարտեզի վրա, սակայն քարտեզները տարբեր են, եւ այդ գործոնը կարելի է օգտագործել»,- ասաց նա։
Սկակովն ընդգծել է, որ սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են տասնամյակներ տեւել։
«Սա շատ բարդ գործընթաց է։ Հետեւաբար, եթե կարելի է այս մասին խոսել՝ ի պատասխան հետեւյալ հարցին. Երեւանը չի՞ ցանկանում խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, թե՞ չի կարող։ Լեռնային Ղարաբաղը չկա չէ՞: Եթե այո, ապա սա նույնպես Երեւանի ընտրությունն է։ Իսկ Մոսկվան չի կարող Երեւանի փոխարեն որոշել՝ Երեւանը դեռեւս մտածում է Լեռնային Ղարաբաղի մասին, թե ոչ։ Այստեղ առաջին հերթին պետք է մտածի Երեւանը, ոչ թե Մոսկվան»,- եզրափակեց փորձագետը։











