Բելառուսը մարտական հերթապահության է դրել «С-400» եւ «Իսկանդեր» համալիրները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «Беларусь сегодня»-ն։
Նրա խոսքով, հաշվի առնելով սահմանների շրջագծում տիրող իրավիճակը՝ բանակցություններում քննարկվել են նաեւ ռազմական անվտանգության ոլորտում համագործակցության որոշ կարեւոր մանրամասներ։
«Այսօր մենք մարտական հերթապահության ենք դրել «С-400» համալիրը, որը դուք փոխանցել եք Բելառուսին, եւ ամենակարեւորը՝ «Իսկանդեր» համալիրը, որը դուք նույնպես, վեց ամիս առաջ խոստանալով, փոխանցել եք մեզ»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Պուտինին։
«Մենք ինքնաթիռներ ենք պատրաստել, նման ինքնաթիռներ դեռ խորհրդային ժամանակներից ունենք։ Մենք դրանք փորձարկել ենք Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք այժմ ռուսաստանցիների հետ պատրաստում ենք անձնակազմեր, որոնք կարող են թռչել հատուկ զինամթերք կրող այդ ինքնաթիռներով։ Սա ոչ մեկին ուղղված սպառնալիք չէ։ Մենք շատ անհանգստացած ենք Միութենական պետության սահմանների երկայնքով, առաջին հերթին, Արեւմուտքում տիրող լարվածությամբ, եւ մենք պետք է անվտանգ պահենք նաեւ բելառուսական պետությունը»,- նշել է նա:





























