Հայտնի քաղաքական գործիչ, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուձուկին ԱՄՆ կառավարությանը, որը բարձրաձայն խոսում է այլ երկրների գործողությունների մասին, կոչ է արել Ճապոնիային եւ ամբողջ աշխարհին անկեղծորեն խոստովանել, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները սխալ էին։

«Չնայած պատերազմն ավարտվելուց հետո արդեն 77 տարի է անցել, ԱՄՆ-ը, որն ատոմային ռումբեր է նետել, երբեք ներողություն չի խնդրել եւ ներողամտություն չի հայցել։ ԱՄՆ-ը, որը բարձրաձայն խոսում է «դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ ազատության» մասին՝ այլ երկրների գործողություններում։ Ուրեմն, ինչո՞ւ անկեղծորեն չհայտարարել Ճապոնիային եւ ամբողջ աշխարհին այն մասին, թե ինչ է արել ԱՄՆ-ը»,- հարց է տվել քաղաքական գործիչն իր կայքում կատարած գրառման մեջ՝ մեկնաբանելով ճապոնական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 2023թ. Նագասակի կատարելիք այցի մասին։

Սուձուկին նշել է, որ ինքը ճիշտ է համարում, եթե ԱՄՆ վարչակազմի ղեկավարն այցելի ռմբակոծման ենթարկված քաղաք։

«Այցի ժամանակ նա պետք է ասի այն, ինչն իսկապես կցանկանար ասել։ Ես ցանկանում եմ, որ նա աշխարհին, էլ չեմ ասում Նագասակիի եւ Հիրոսիմայի մասին, ասի հետեւյալը. «(Միջուկային զենքի- խմբ.) օգտագործումը անհնար է, ատոմային ռումբերի կիրառումը սխալ էր»,- ընդգծել է ճապոնացի պատգամավորը։

Այս շաբաթ ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ճապոնիայի եւ ԱՄՆ կառավարությունները համաձայնեցնում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր այցը ճապոնական Նագասակի քաղաք 2023թ. մայիսին։ Ինչպես սպասվում է, Բայդենի այցը Նագասակի կարող է կայանալ Ճապոնիա «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում (որը տեղի է ունենալու Հիրոսիմայում մայիսի 19-21-ին) նրա մայիսյան այցելության ժամանակ։