Ամերիկացի պահպանողականներին դուր չի եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հագուստի ընտրությունը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Նրանք կանաչ շապիկը, որով Զելենսկին հայտնվել է Սպիտակ տանը՝ Ջո Բայդենի հետ հանդիպմանը, իսկ հետո Կոնգրեսին դիմել, համարել են անհարգալից վերաբերմունք: Շատերը հիշել են, որ եթե Զելենսկին ժամանակ ունենար Vogue-ի գլամուրային ֆոտոշարքի համար, նա կարող էր ժամանակ գտնել կոստյում հագնելու համար:
Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնն ասել է, որ Ուկրաինայի նախագահը Կոնգրեսում իրելույթի ժամանակ «հագնված է եղել ստրիպտիզ ակումբի մենեջերի պես»: «Որքանով մենք գիտենք, նախկինում ոչ ոք չի դիմել ԱՄՆ Կոնգրեսին շապիկով, սակայն նա շատ ավելի սիրելի է, քան դուք: Նպատակն է շահարկել ուկրաինական ստրիպտիզ ակումբի մենեջերի բարեհաճությունը եւ նրան փոխանցել միլիարդավոր դոլարներ՝ մեր իսկ փլուզվող տնտեսությունից», - ասաց Կարլսոնը հեռուստադիտողներին՝ հավելելով. «Դժվար է, եթե ոչ անհնար, ավելի նվաստացուցիչ սցենար պատկերացնել Երկրագնդի ամենամեծ երկրի համար»:
Newsmax-ի հաղորդավար Բենի Ջոնսոնը նշել է, որ Զելենսկին, ով ներկայացել է արեւելաեվրոպական մաֆիայի խարդախի մարզահագուստով, հարգանք չունի ոչ ոքի նկատմամբ:
«Ես գիտեմ, որ պատերազմ է ընթանում, սակայն Զելենսկին կրակի տակ չէ», - գրել է ֆինանսական մեկնաբան Փիթեր Շիֆը՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ է ժամանել մասնավոր ամերիկյան կառավարական ինքնաթիռով, Սպիտակ տուն հասել ամենագնացով վարորդի հետ, սակայն ներկայացել մարզաշապիկով:
«Զելենսկին պատերազմի ժամանակ կարող է լուսանկարվել նորաձեւության ամսագրերի համար, իսկ Սպիտակ տանը նա ներկայանում է զինվորական առօրյա հագուստո՞վ», -թվիթերյան ր էջում գրել է փոդքասթեր Վ.Ֆ. Կաստրոն:
Business Insider-ը հիշեցնում է, որ Զելենսկու հագած մարզաշապիկը պատրաստված է ամերիկյան M-TAC ընկերության կողմից։ Զելենսկու կրած M-TAC սվիտերներից մեկը Լոնդոնում աճուրդի է հանվել 11 հազար դոլարով։
Դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահը Financial Times-ին ասել էր, որ մինչեւ պատերազմի ավարտը կշարունակի ռազմական հագուստով լինել եւ հրաժարվել կոստյումից:





























