Ասիացի միլիարդատերեր Գաուտամ Ադանին, Լոու Տակ Կվոնգը, Քոլին Հուանը, Վու Յիլինգը եւ Ռավի Ջայպուրիան 2022 թվականին եկամտի մակարդակի ընդհանուր անկման պայմաններում կարողացել են իրենց կարողությունն ընդհանուր առմամբ ավելի քան 90 մլրդ դոլարով ավելացնել, գրում է Forbes-ը։
Ամենից շատ 2022 թվականին Adani Group-ի սեփականատեր, 60-ամյա հնդիկ Գաուտամ Ադանին է կարողացել մեծացնել իր կարողությունը։ Այս պահին նրա ակտիվները գտնվում են 116,8 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ միայն 2022 թվականին դրանք աճել են 55 մլրդ դոլարով։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Bayan Resources-ի սեփականատեր, 74-ամյա Լոու Տակ Կվոնգը՝ Ինդոնեզիայից։ Այս տարի նա վաստակել է 16 մլրդ դոլար, իսկ կարողությունը կազմում է 25,2 մլրդ դոլար։ Երրորդ տեղում 42-ամյա չինացի Քոլին Հուանն է, որը ստեղծել է Pinduoduo մարկետփլեյսը։ Նրա կարողությունը կազմում է 29,6 մլրդ դոլար, իսկ մեկ տարվա աճը կազմել է 11 մլրդ դոլար։
Չորրորդ տեղում չինացի 73-ամյա Վու Յիլինգն է՝ Yiling Pharmaceutical-ի ղեկավարը։ Նրա կարողությունը կազմում է 4,9 մլրդ դոլար, տարվա աճը՝ 4 մլրդ դոլար: Նրա ընկերությունը արտադրում է դեղամիջոցներ՝ վիրուսային վարակների, այդ թվում կորոնավիրուսի, ինչպես նաեւ սրտանոթային, ուռուցքաբանական, ուրոլոգիական եւ այլ հիվանդությունների բուժման համար: Լավագույն հնգյակը եզրափակում է 68-ամյա հնդիկ Ռավի Ջայպուրիան, որը RJ Corp-ի ղեկավարն է։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է 8,9 մլրդ դոլար, իսկ տարեկան աճը կազմել է 3,9 մլրդ դոլար:Նա կառավարում է այնպիսի ակտիվներ, ինչպիսիք են KFC-ն, Pizza Hut-ը եւ Costa Coffee-ն:




























