«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի վավերացումը թույլ կտա երկու երկրներին հաստատել լիարժեք օդային փոխգործակցություն: Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ դա նաեւ թույլ կտա զարգացնել միջազգային համագործակցությունը եւ ապահովել կանոնավոր երկկողմ ավիահաղորդակցություն: «Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը, իսկ կանոնավոր ավիաչվերթների իրականացումը շատ դրական ազդեցություն կունենա Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստան այցելությունների, ինչպես նաեւ միջպետական, խորհրդարանական եւ այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա»,-պարզաբանեց Սիմոնյանը։

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն, որ վավերացումը կնպաստի կանոնավոր ավիափոխադրումների ոլորտում երկու երկրների միջեւ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք իրավական կարգավորմանը, քաղավիացիայի կոմիտեն նպատակահարմար  համարեց սույն Համաձայնագրի վավերացումը: