Դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթեւացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը։ Այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի  դեսպան Ջոն Գալագերինի հետ հանդիպմանն ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։

Մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին:

Խոսելով՝ հանրային կառավարման բարեփոխումների մասին, նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենիշային է երկրի զարգացման համար եւ այն Կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Նախարարը նշել է, որ Արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով՝ ներկայումս իրականացվում են նաեւ թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը:

Հանդիպմանը՝ նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության եւ արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարեւորության մասին:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: