Հայաստանում անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել է 214 մլն.դրամ, իսկ մնացած ծախսերը հոգացել են գործընկերները եւ հովանավորները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը` հավելելով, որ հովանավորները չեն նշել, թե ինչքան գումար են ծախսել:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, որ Անկախության տոնի առթիվ ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպիչները խաղարկության միջոցով Թուրքիայի արտադրության շապիկներ են նվիրում մարդկանց (խոսքը «2011 Հայաստանը դու ես» գրությամբ շապիկների մասին է, որի պիտակի վրա նշված է «Made in Turkey»), Արեւիկ Բադալյանը նշեց, որ ինքը նայել է իրենց մոտ եղած բոլոր շապիկները եւ նման գրություն չի գտել: «Շապիկները, գլխարկները ու շապիկները տրամադրել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Ես չեմ տիրապետում այն ինֆորմացիային, թե որտեղ են դրանք տպագրվել, իմ մոտ եղած մայկաների վրա ես չեմ գտել «Made in Turkey» պիտակը»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի անկախության 20-ամյակի եւ Երեւանի 2793-ամյակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում:



























