ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է մարդասիրական օգնության «քրոնիկ թերֆինանսավորումը» ամբողջ աշխարհում՝ չնայած մարդասիրական կարիքների աճին, հայտնում է Reuters-ը։
«Քրոնիկ թերֆինանսավորումը և հումանիտար կարիքների ռեկորդային մակարդակը համակարգը հասցնում են լարվածության գագաթնակետին», - ասել է նա ՄԱԿ-ի հումանիտար հարցերի տնտեսական և սոցիալական խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլոբալ հումանիտար կոչի շրջանակներում անհրաժեշտ միջոցների միայն 20%-ն է ստացվել մինչև 2023 թվականի կեսերը։
«Դա ճգնաժամի ներսում ճգնաժամ է առաջացնում: Առանց ֆինանսական ճգնաժամի լուծման հետագա կրճատումներն անխուսափելի են»,- հավելել է Գուտերեշը:
Երկուշաբթի օրը միջազգային դոնորները մոտ 1,5 միլիարդ դոլարի օգնություն են խոստացել Սուդանին, որը տուժել է հումանիտար ծանր ճգնաժամից, որը ստիպել է մոտ 2,2 միլիոն մարդու լքել իրենց տները:
Համաժողովից առաջ ՄԱԿ-ի 2,57 միլիարդ դոլարի մարդասիրական օգնության կոչը Սուդանում ֆինանսավորվել է այս տարի մոտ 17%-ով, մինչդեռ երկրից փախած փախստականների համար գրեթե 500 միլիոն դոլարի դիմումը ֆինանսավորվել է ընդամենը 15%-ով:





























