Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում պատերազմի պատճառով նոր սահմանափակիչ միջոցների փաթեթի շրջանակում մտադիր է արգելել ավելի քան 1,9 լիտր ծավալի շարժիչ ունեցող նոր եւ օգտագործված մեքենաների ՌԴ արտահանումը։ Այս մասին երեքշաբթի, աղբյուրին հղում կատարելով, տեղեկացրել է Yomiuri թերթը։

Թերթի տվյալներով՝ այս որոշումը կարող է ուժի մեջ մտնել արդեն օգոստոսի սկզբին։ Ճապոնիայի իշխանությունները նաեւ մտադիր են լիովին արգելել էլեկտրամեքենաների եւ հիբրիդների արտահանումը Ռուսաստան։

Ինչպես նշել է Yomiuri-ն, 2022թ. օգտագործված մեքենաները դարձել են ՌԴ ճապոնական արտահանման գլխավոր ապրանքը։ Դրանց մատակարարումների ծավալը կազմում էր Ճապոնիայից ընդհանուր արտահանման 26 տոկոսը։ Անցած տարի ՌԴ է ուղարկվել մոտ 200 հազար օգտագործված մեքենա՝ 250 մլրդ իեն (1,8 մլրդ դոլար) ընդհանուր արժեքով։ Պարբերականի կարծիքով՝ նոր պատժամիջոցներ մտցնելուց հետո կսահմանափակվի միայն փոքրալիտրաժ ավտոմեքենաների արտահանումը, եւ դրա չափը դրամական արտահայտությամբ կիջնի՝ հասնելով 100 մլրդ իենի (720 մլն դոլար)։

Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք Ուկրաինայում իրավիճակի պատճառով մտցվել են մի քանի փուլերով, վերաբերում են մոտ հազար մարդու եւ մոտ 100 կազմակերպության Ռուսաստանից։ Սառեցվել են «Ալֆա-բանկի», «ՎԷԲ.ՌԴ»-ի, «Նովիկոմբանկի», «Օտկրիտիեի», «Պրոմսվյազբանկի», «Ռոսիա» բանկի», Սբերբանկի, Սովկոմբանկի, ինչպես նաեւ մոտ 40 կազմակերպությունների եւ ընկերությունների ակտիվները։ Բացի այդ, Ճապոնիան հաստատել է արտահանման համար նախատեսված ապրանքների եւ տեխնոլոգիաների ցուցակը, որտեղ մոտ 800 անուն ապրանք է ներառված։ Մասնավորապես, արգելվել է ավելի քան 6 մլն իեն (մոտ 43 հազար դոլար) արժեքով ավտոմեքենաների արտահանումը։