Հուլիսի 18-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են ռուս-իրանական օրակարգի ակտուալ հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի գաղտնի փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ, այդ թվում՝ հուլիսի 10-ին Մոսկվայում կայացած Ռուսաստան-ԾՀԽ ռազմավարական երկխոսության վեցերորդ նախարարական հանդիպման համատեքստում։
Զրուցակիցները քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ երկրորդ քառակողմ հանդիպումը, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Չորս երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-ին Մոսկվայում, հիշեցնում է РИА-ն։ Դրա արդյունքների հիման վրա նախարարները հանձնարարել են պատրաստել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ։





























