Եթե չհավատայի Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, ապա ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա։ Այս մասին Ֆրանս-պրեսս գործակալությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա: Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետեւ հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաեւ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որեւէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը եւ ես»,- ընդգծեց Փաշինյանը։

Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ կարող է անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում, որպեսզի երաշխավորի Արցախում բնակվող հայերի արժանապատվությունը, Փաշինյանը պատասխանեց․

«Գիտեք, ընդհանուր առմամբ, պայմանները շատ կարեւոր են: Եթե մի կողմ գնանք զուտ բանակցային բովանդակությունից, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում բանակցային սենյակում, սկզբունքորեն շատ հաճախ կողքի հայացքով եթե անկողմնակալ դիտորդ դիտի, թե ինչ է տեղի ունենում բանակցային սենյակում, կարելի է գնահատել, որ սկզբունքորեն նորմալ է ամեն ինչ, ոնց որ թե արտառոց ոչ մի բան տեղի չունենում: Բայց դրանից հետո պետք է ետ գալ եւ դիտարկել գործողություններ, հայտարարություններ: Ամենակարեւոր բանը, որ իմ կարծիքով խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը, հայերի եւ ամեն հայկականի նկատմամբ ատելության գործողությունները, եւ, իհարկե, վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության, ժողովրդի նկատմամբ եւ ակնհայտորեն էթնիկ զտումների քաղաքականությունը»։

Փաշինյանը նշեց, որ Արցախում այժմ հումանիտար ճգնաժամ է․ «Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ դա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն: Տեսեք, այսօր Լեռնային Ղարաբաղում չկա ձեթ, չկա շաքարավազ, չկան հիգիենիկ պարագաներ, չկա կարագ, չկան սննդի մի շարք տեսակներ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իհարկե, աշխատասեր ժողովուրդ է, և այս գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են: Բայց վառելիքի բացակայության պատճառով այս մթերքները հասցնել պոտենցիալ սպառողներին, գրեթե անհնար է: Այսինքն՝ Ղարաբաղում նաև հացահատիկի որոշակի պաշար կա: Բայց նախ վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել ալրաղացներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել ալրաղացներ, վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել հացի արտադրամասեր: Եթե ինչ-որ ձևով հասցնել հացի արտադրամասեր, հոսանքի և վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է թխել, դա հնարավոր չէ հասցնել խանութներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել խանութներ, մարդիկ ունեն տրանսպորտային սահմանափակումներ հաց ձեռք բերելու նպատակով խանութ հասնելու համար: Եթե ինչ-որ ձևով կարող են հասնել խանութ հաց գնելու համար, քանի որ զրկվել են աշխատանքից՝ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար»։

Նա շեշտեց, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է․ «Երբ այս բոլոր շերտերը, այս բոլոր ծանրությունները դնենք մի մարդու վրա՝ ամբողջ ծանրությունը հասկանալի է: Այսինքն՝ նկատի ունեմ այս պայմաններում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունն ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում: Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն, կամ ընդամենը լրատվության մեջ ինչ-որ բան անելու տպավորության ձևավորում: Սրանք բոլորը ռիսկեր են, որ ուղիղ և անուղղակի ազդում են պրոցեսի վրա»։

Հարցին, թե որո՞նք են այդ պրոցեսում իր կարմիր գծերը, Փաշինյանն ասաց․ «Մենք դրա մասին մի քանի անգամ ասել ենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը: Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ միջավայրում:

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը»։

Հարցին՝ Արցախի բնակչության անվտանգությունը երաշխավորող ի՞նչ մեխանիզմներ է պատկերացնում Հայաստանը, Փաշինյանն ասաց․ «Գիտեք, դրանք աշխատանքային հարցեր են, որոնք միայն մեր ընկալումներից չեն կախված: Դրա համար ես չէի ուզենա որևէ կոնկրետ պատկերացում ընդգծելով՝ սահմանափակել հետագա խոսակցությունը, կամ մեզ համար սահմանափակումներ ստեղծել այդ խոսակցության մեջ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա և տեղի ունենա իրական երկխոսություն, այսինքն՝ տեղի ունենա խոսակցություն, որովհետև այդ խոսակցության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել անվստահությունը, ատելությունը, նույնիսկ լարումները և նույնիսկ ավելի լավ հասկանալ միմյանց»։