Կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 21–ին, Agence France-Presse–ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ուկրաինական պատերազմն ինչպես է ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության երկարամյա պարադիգմի՝ կոմպլեմենտարիզմի վրա։ 

«Իմ կարծիքով, կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար: Եվ այդ սխալը նոր չէ, այդ սխալը նույնիսկ 30 տարվա չէ, այդ սխալը նույնիսկ 100 տարվա չէ, այդ սխալը շատ ավելի հին է:  Ձեր հարցի մեջ ամբողջ կոնտեքստն այն է, թե Հայաստան ի՞նչպես է ապրելու Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Կներեք, մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք։ Մենք այստեղ ենք ապրում, մենք Ռուսաստանի և Ամերիկայի արանքում չենք ապրում: Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ապրում է Եվրոպան: Մենք ապրում ենք Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջավայրում: Եվ հարցը հետևյալն է՝ մենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ պետք է կառավարենք, կներեք, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջոցո՞վ: Պարադիգմի առումով՝ ոչ, բայց գործնական առումով մենք այդ քաղաքական ավանդույթը չունենք»,– ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ այս հարցը հարուրամյակների պատմություն, պատմական, սոցիալ-հոգեբանական շատ տարբեր շերտեր ունի։   

«Երբ մենք հարց ունենք մեր միջավայրի հետ, մեր առաջին ռեակցիան ի՞նչ է, որ տեսնենք ի՞նչ կարող է անել Մոսկվան, ի՞նչ կարող է անել Բրյուսելը, ի՞նչ կարող է անել Վաշինգտոնը: Իհարկե, այս ընթացքում մայրաքաղաքները գուցե փոխվել են, անունները, պատմական երկար ժամանակաշրջանում: Եվ մենք սա գիտակցում ենք, բայց մեր կյանքում էլ բան չի փոխվել, որովհետև այդ կուլտուրան մեր մոտ էլ չկա, այնտեղ էլ չկա: Երբ գալիս է պահը, որ կա հնարավորություն կամ գուցե գիտակցություն, որ պետք է այլ պարադիգմով լուծել հարցերը, ուրիշ տրամաբանություն է առաջ գալիս մեր միջավայրում, դուք եկել եք մեզ հետ հարց լուծելո՞ւ, այդ դուք չէի՞ք, որ մեզ վրա Վաշինգտոն, Մոսկվա ու Բրյուսել էիք բերում երկար ժամանակ: Հիմա դե եկեք: Այսինքն՝ դուք խոսեցիք պարադիգմի մասին, մեր պարադիգմը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում չէ»:

Մյուս կողմից՝ Փաշինյանի խոսքով՝ 21-րդ դարում հնարավոր չէ աշխարհաքաղաքական կենտրոնների շրջանցումով քաղաքականություն վարել, եւ Հայաստանն այժմ փորձում է արտաքին քաղաքականության նոր պարադիգմ ներդնել՝  բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, որը, սակայն, դեռևս չի կարողանում իրագործել:

«Մեր պատճառով, որովհետև ուրիշ բան է՝ դու գիտես ի՞նչ է պետք անել, ուրիշ բան է, որ ավանդույթն այդպիսին չէ: Բայց մենք նաև փորձում ենք քայլեր անել: Այն, որ ես մասնակցեցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` Հայաստանում և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ ունեցավ: Այդ դրական և բացասական արձագանքներն այս ողջ թնջուկի արտահայտումն են: Եվ խնդիրը հետևյալն է, թե ինչքանո՞վ այդ պարադիգմի մասին խոսելիս կրկին կլինենք ոչ թե մենախոսության, այլ համագործակցության ժանրում, որովհետև սա ոչ մեկի համար հեշտ չէ: Ընկալել և արձանագրել, որ այս տարածաշրջանում, օրինակ, այս քաղաքական քարտեզը պետք է հարյուրամյակներով շարունակի գոյություն ունենալ, ոմանք այս նախադասությունը ձևակերպում են հարցականով, ոմանք անկեղծ ուզում են գտնել հիմնավորումներ, որ այս քաղաքական քարտեզի գոյությունը կարող է բխել տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և չհակասել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին: Ես, օրինակ, այս երկրորդ համոզմունքի կրողն եմ, բայց դա քիչ է,– ասել է Փաշինյանը: