Օգոստոսի 1-ից Վրաստանը սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ-ից երկիր ներկրվող ավտոմեքենաների Ռուսաստան արտահանման/վերաարտահանման համար։
Այս որոշումն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա, քանի որ նման մեքենաները, որոնք կա՛մ Հայաստանում ճանապարհին են, կա՛մ արդեն Հայաստանում են և դեռ չեն վաճառվել, լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, ասաց Հայաստանի պաշտոնական ավտոարտադրողների ասոցիացիայի նախագահ Արտեմ Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ, նա չի կարծում, որ բոլոր սողանցքները կվերանան, քանի որ բիզնեսը միշտ ի հայտ եկած խնդիրների լուծումներ է փնտրում։
«Սակայն ակնհայտ է, որ այդ մեքենաները Ռուսաստան հասցնելը շատ ավելի դժվար կլինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավելեց փորձագետը։
Նրա խոսքով, Հայաստանից մեքենաների արտահանումը կնվազի։
«Քանի որ որոշումը վերաբերում է 1,9 լիտր և ավելի շարժիչի տարողությամբ մեքենաներին, մեր շուկայում ավելի շատ փոքր մեքենաներ կլինեն, որոնք ավելի էժան են։ Սակայն ռուսական շուկան առանձնապես հետաքրքրված չէ նման մեքենաներով, քանի որ այս հատվածի պահանջարկը բավարարում են չինացի գործընկերները։
Հայաստանից արտահանվող մեքենաների հիմնական ծավալը բաժին է ընկնում հենց ամերիկյան արտադրության կամ ԱՄՆ-ից ներկրվող մեքենաներին։ Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահանվում են ԱՄՆ-ից ներմուծված 2 լիտրից ավելի շարժիչի մեքենաները։
Այն մեքենաները, որոնք ուղարկվում են Հայաստան, հավանաբար կմնան մեր երկրում, ինչը կբերի նման մեքենաների գների անկմանը ներքին շուկայում (սա կարելի է դրական էֆեկտ համարել գնորդների համար-խմբ.): Հնարավոր է, նման փոփոխություններ կարելի է սպասել մինչև հաջորդ տարվա փետրվար, եթե այս խնդրի լուծման ուղիներ չգտնվեն»,- նշեց Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայությունը չի փրկում իրավիճակը.
«Եթե ներմուծված մեքենան գրանցված չէ Հայաստանում, ապա այն համարվում է վերաարտահանման ենթակա։ Սակայն Վրաստանը թույլ չի տա իր տարածքով տրանսպորտային միջոցների տարանցումը։ Սակայն Վրաստանը թույլ չի տա իր տարածքով պատժամիջոցային տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրումը։
Խնդիրը կարող է լուծվել, եթե մեքենան գրանցվի Հայաստանում, իսկ դրանից հետո այն արտահանվի Ռուսաստան։ Այնուամենայնիվ, սա ամենահեշտ ճանապարհը չէ, քանի որ գնորդն ապագայում կարող է բախվել բյուրոկրատիայի և թղթաբանության հետ:
Բացի նրանից, որ գնորդի համար փաստաթղթերի մշակման ժամանակը մեծանում է, ավելանում է նաև մեքենայի վերջնական արժեքը, ինչը կարող է հանգեցնել պահանջարկի նվազմանը»,- ընդգծեց Պետրոսյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ Ճապոնիան նախկինում նման սահմանափակումներ էր կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ճնշում կա նաև Եվրոպայի կողմից։
Նկատենք, որ Վրաստանի իշխանությունները հայտնել են նաև, որ սեպտեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվելու Եվրոպայից ներկրվող մեքենաների նկատմամբ, ինչը նախատեսված է պատժամիջոցների 11-րդ փաթեթով։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 3,7 հազար ավտոմեքենա՝ 52 մլն դոլար արժողությամբ։
ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը նախատեսում է Ռուսաստանին 1,9 լիտրից ավելի շարժիչի տարողությամբ ավտոմեքենաների մատակարարման արգելք։ 2022 թվականի մարտին ԱՄՆ իշխանություններն արգելք դրեցին Ռուսաստան բենզինի, դիզելային և էլեկտրական մեքենաների, ինչպես նաև դրանց թափքի և շասսիների արտահանման վրա։ ԱՄՆ պատժամիջոցները վերաբերում են ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներին։
Արամ Դանիելյան




























