Գերմանական Mercedes-Benz ավտոմոբիլային կոնցեռնը լիովին անջատել է ռուսական դիլերներին ծրագրային ապահովումից։ Այս մասին «Известия»-ին տեղեկացրել են ընկերության ներկայացուցիչները։ «Ռուսական ավտոմեքենայական դիլերներ» ասոցիացիայում հաստատել են սա, ընդ որում՝ տուժել են նաեւ այլ մակնիշներ։ Միաժամանակ, նշել են խմբագրության աղբյուրները, հասանելիությունը սահմանափակել է նաեւ BMW կոնցեռնը։
Պաշտոնական ԾԱ բացակայությունը կարող է ավելացնել նորոգման եւ սպասարկման ժամկետները, ինչպես նաեւ խնդիրներ ստեղծել նոր մեքենաների թարմացումների հետ կապված, կարծում են փորձագետները։
Չնայած կան այդ սահմանափակումները շրջանցելու միջոցներ, վարորդները կսկսեն ավելի հաճախ սպասարկվել ոչ պաշտոնական տեխնիկական սպասարկման կայաններում եւ ձեռք բերել մեքենաների ավելի պարզ մոդելներ։
Հասանելիությունը, մասնավորապես, դադարեցվել է օնլայն-համակարգերում, որոնց օգնությամբ կատարվում է տեխնիկական սպասարկումը եւ պարզվում են խնդիրները։
Որոշ դեպքերում օնլայն-համակարգերի հասանելիության բացակայությունը կհանգեցնի նորոգման ժամկետների ավելացման։
Mercedes-Benz-ը Ռուսաստանից հեռացել է 2022թ. հոկտեմբերի վերջին։ Նրա ակտիվները, այդ թվում Մերձմոսկվայի գործարանը, գնել է «Ավտոդոմ» ընկերությունը՝ ամենամեծ հոլդինգներից մեկը, որը սպասարկում է պրեմիում եւ լյուքս մեքենաները։
Սահմանափակումների շրջանցմանն օգնում է նաեւ տեխնիկան, որը վաճառվում է մարքետփլեյսներում։ Բայց «պաշտոնական դիլեր» տերմինը կորցնում է իր նշանակությունը։
2023թ. մայիսին «Известия»-ն գրել էր մասնակի սահմանափակումների մասին ՌԴ-ից հեռացած ավտոկոնցեռնի հավելվածներում։ Այն ժամանակ խնդիրն առնչվել էր Skoda, Kia, Infiniti, Nissan եւ Renault մակնիշներին։ Մեքենաների տերերը կորցրին շարժչի հեռահար գործարկման, բենզինի մնացորդը ստուգելու հնարավորությունը, դադարեցին աշխատել որոշ կարեւոր գործառույթներ, օրինակ՝ ծրագրերի թարմացումը, որոնք վերահսկում են շարժչի աշխատանքը, արգելակների համակարգը։ Բացի այդ, վարորդներին դադարեցին տեղեկացնել սերվիսային ծրագրերի մասին։




























