ՀԴԲ նախկին բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ մեղավոր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու գործարքի մեջ. թոշակի անցնելուց հետո նա աշխատանքի է անցել օլիգարխի մոտ, որին մի ժամանակ հետաքննում էր, տեղեկացրել է The Associated Press-ը։

Նյու Յորքում դաշնային դատավորի առջեւ ելույթ ունենալով՝ 55-ամյա Չառլզ Մակգոնիգալը հայտարարել է, որ զղջում է այն աշխատանքի համար, որը կատարել է 2021թ. ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի համար։

Նա դատավորին ասել է, որ ավելի քան 17 000 դոլար է ընդունել՝ օգնելու համար Դերիպասկային վարկաբեկիչ տեղեկություն հավաքելու մեկ այլ ռուս օլիգարխի մասին, որը նրա մրցակիցն էր բիզնեսում։ Դերիպասկան ԱՄՆ պատժամիջոցների տակ է 2018-ից՝ կապված Ղրիմի հետ։

Մակգոնիգալը փորձել է օգնել Դերիպասկային դուրս գալ պատժամիջոցների ցուցակից, ասել է դատախազի օգնական Ռեբեկա Դելը, եւ բանակցել է  650 000-ից մինչեւ 3 մլն դոլար հոնորար ստանալու վերաբերյալ գաղտնի էլեկտրոնային ֆայլերը գտնելու համար, որոնք պատկանել են մրցակից օլիգարխին։

Մակգոնիգալը իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման եւ միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների խախտման մեջ։ Նրան կարող է սպառնալ հինգ տարվա բանտարկություն։

Մակգոնիգալին, որն ապրում է Նյու Յորքում, Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ) ներկայացվել է  առանձին մեղադրանք առնվազն 225 000 դոլար կանխիկ «ծածկելու» համար, որոնք նա իբր ստացել է ալբանական հետախուզության նախկին աշխատակցից ՀԴԲ-ում աշխատելու ժամանակ։

Մակգոնիգալը հատուկ գործակալ է եղել, որը գլխավորել է ՀԴԲ հակահետախուզության բաժինը Նյու Յորքում 2016-2018թթ.։ Նա ղեկավարել է ռուս օլիգարխների, ներառյալ Դերիպասկայի դեմ հետաքննությունները։