Բաքուն օտարերկրյա դեսպանների է ներգրավել Լեռնային Ղարաբաղի համար «մարդասիրական բեռներ» ներկայացման համար։
Այդ նպատակով օգոստոսի 31-ին կազմակերպվել է «Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների եւ ռազմական կցորդների ճանաչողական այց Աղդամ»։
Trend-ի հաղորդմամբ՝ դիվանագետները ժամանել են «Աղդամ-Խանքենդի ճանապարհին գտնվող ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության պարենային բեռների տեղակայման կետ՝ տվյալ կետին ծանոթանալու նպատակով»։
Ուղեւորությանը մասնակցում է շուրջ 60 մարդ ավելի քան 50 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սերբիայից, Արգենտինայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից, Իսրայելից, ԱՄԷ-ից, Ալժիրից, Կատարից, Իրաքից, Իրանից, Աֆղանստանից, Լիբիայից, Պաղեստինից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից եւ այլ երկրներից, ՄԱԿ-ից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եւ այլն։
Օգոստոսի 29-ին Ադրբեջանի իշխանությունները ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության միջոցով կազմակերպել են սննդամթերքի առաքում՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայազգի անձանց կարիքները բավարարելու համար։
Այս երկերեսանիությունն իրականացվում է անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման ֆոնին։





























