Վերջին օրերին Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը    շրջանների և Ստեփանակերտի ոլորտային  պատասխանատուների հետ առցանց քննարկումներ է կազմակերպել  սեպտեմբերի մեկից ուսումնական գործընթացը սկսելու համար առկա խնդիրները վեր հանելու նպատակով։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը` հավելելով, որ այդ քննարկումների արդյունքում  ի հայտ եկած  խնդիրները հիմնականում վերաբերել են գրենական պիտույքների սղությանն ու բացակայությանը  աշակերտների թերսնմանը, ներքաղաքային ու միջհամայնքային  երթուղայինների բացակայությանը:

«Առկա է նաև մասնագետների խնդիր: Բացի այդ ունենք ավելի քան 300 ուսուցիչ, որ  դասավանդելու համար մի բնակավայրից մյուսն էր հասնում տրանսպորտով։  Այս հարցերը  քննարկվել են  համապատասխան կառույցների ու երկրի ղեկավարության հետ` եզրահանգելով, որ ամեն դեպքում սեպտեմբերի 1-ին պետք է   մեկնարկենք  ուսումնական գործընթացը»,- ասել է նախարարը` նշելով, որ  նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում մշտադիտարկում կիրականացվի անհաղթահարելի խնդիրները պարզելու համար:

«Այդ ժամանակահատվածը փորձաշրջան է, որը ցույց կտա  ի վիճակի՞ ենք դպրոցներում շարունակե՞լ ուսումնական գործընթացը, թե անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել»,- ասել էՆորայր Մկրտչյանը։