Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի մի քանի ամիս տեւած շրջափակմանը զուգահեռ, շարունակում է իրավիճակի մասին ապատեղեկատվության արշավը։ Այս քարոզարշավի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայի հետ միասին մասնակցել է ՄԱԿ-ի պատմական շենքում գտնվող «Ադրբեջան» սենյակի բացման արարողությանը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ԱԳՆ-ին հղումով, միջոցառման ընթացքում Բայրամովը և Վալովայան հանդես են եկել ելույթով, որում ընդգծել են, որ «ադրբեջանական սենյակը շատ օգտակար ներդրում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի արդյունավետ աշխատանքի համար»։

ՄԱԿ-ը, որի ներկայացուցիչները երբեք չեն էլ փորձել հասնել Լեռնային Ղարաբաղ և անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում, ագրեսորին զսպելու, շրջափակումը անհապաղ դադարեցնելու արդյունավետ քայլեր ձեռնարկելու, հանցագործին արդարադատության կանչելու փոխարեն, շարունակում է սիրախաղ անել նրա հետ՝ դրանով իսկ բառացիորեն խրախուսելով նրան նոր հանցագործություններ կատարել: