Հայաստանը մեկուսացված է եւ զուրկ է զգալի միջազգային աջակցությունից, նկատվում են գործընթացներ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել Հայաստանի համար։ Այս մասին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
«Նույնիսկ ձեր ամենամտերիմ դաշնակիցները չեն արձագանքել ձեր ժողովրդին հասցված տառապանքներին։
Մենք ծանր սրտով պետք է ասենք, որ Հայոց ցեղասպանությունը, հավանաբար, չի ավարտվել։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են Ցեղասպանությունն ավարտին հասցնել։ Եվ կան մարդիկ, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում դադարեցնել դա:
Միանշանակ հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, որոշ ժամանակ անց արվի նաեւ Հայաստանի նկատմամբ։
Եթե պայմանագրի ստորագրման արդյունքում, որի շուրջ բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը, Արցախը հանձնվի, ապա այդ փաստաթուղթը տեւական խաղաղություն չի երաշխավորում։ Ալիեւը Հայաստանը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։
Ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ընդ որում, Ադրբեջանի հանցագործություններն ու վայրագությունները մնում են անպատիժ»,-ասել է Քոքսը։




























