ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գործով  4 ոստիկանների տված ցուցմունքներն արժանահավատ չեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Լեւոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք այս գործում ունենք բացառապես ոստիկանների տված ցուցմունքները։ Որեւէ այլ ապացույց չկա ոչ միայն նրանց հայտնած տեղեկությունները հաստատող, այլ առհասարակ որեւէ այլ տեղեկություններ չկան, որոնք որոշ չափով կհաստատեն այդ մեղադրանքները, հակառակը առկա են ի սկզբանե ապացույցներ եւ տվյալներ։ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրեւ սեպտեմբերի 22-ին երբ խաղաղ ցույցին է մասնակցելիս  նրան կարմիր բերետավորները ներկայացրել են օրինական պահանջ՝ ճանապարհը բացելու, եւ Լեւոն Քոչարյանը հակադրվելով եւ օրինական պահանջը չկատարելով, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է բռնություն։ Ըստ մեղադրանքի՝ իբրեւ Լեւոն Քոչարյանը ոտքերով 2 անգամ հարվածել է ոստիկանության աշխատակցի ոտքին, երբ նրան նստեցրել են ավտոմեքենան, նա եւս չենթարկվելով նրանց օրինական պահանջներին եւ նպատակ ունենալով դիտավորությամբ խաթարել նրանց ծառայողական գործունեությանը, եւս մեկ աշխատակցի 2 անգամ հարվածել է կրծքավանդակի եւ ուսի հատվածին»,- նշեց փաստաբանը։

Ալեքսանյանը հայտնեց, որ գործով կա 2 տուժող եւ 2 վկա։ 

«Ունենք իրավիճակ, որ Լեւոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ կալանավորվել է»,- ասաց փաստաբանը։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ գործով տուժողներից մեկը ոստիկան Հրաչիկ Խաչատրյանն է․ «Նա այն անձն է, որը, ըստ մեղադրանքի, ամենասկզբում մինչեւ Լեւոն Քոչարյանին ավտոմեքենա նստեցնելը ստացել է Լեւոն Քոչարյանի կողմից ոտքերով հարված իր ձախ ոտքին»։

Ալեքսանյանը ասուլիսի ընթացքում հրապարակեց նաեւ տեսանյութ՝ Լեւոն Քոչարյանին բերման ենթարկելու դրվագից․

«Այն բանից հետո երբ ոստիկանության աշխատակիցները մոտենում են Լեւոն Քոչարյանին, նրանց միջեւ որեւէ խոսակցական կոնտակտ տեղի չի ունենում։ Սա ասում եմ նրա համար, որ օրինական պահանջին չենթարկվելով եւ ծառայողական գործունեությանը միջամտելու եղանակով վերջինս նրանց նկատմամբ բռնություն է գործադրել ։ Նրանց միջեւ որեւէ խոսակցական կոնտակտ տեղի չի ունեցել, նրանք մոտեցել են եւ սկսվել է քաշքշուկ։ Հետեւաբար որեւէ օրինական պահանջ չի հնչել։ Մոտենալուց ընդամենը վայրկյաններ անց Լեւոն Քոչարյանին սկսում են քաշքշել»։

ՖՈՏՈ 1.jpg (33 KB)

Էրիկ Ալեքսանյանը շեշտեց, որ ոստիկանների գործողություններն ուղղված էին բացառապես Լեւոն Քոչարյանի նկատմամբ․ «Որեւէ մեկին չեն փորձում բերման ենթարկել։ Որեւէ մեկին չեն փորձում «անջատել» այդ հատվածից, եթե նույնիսկ որեւէ մեկին քաշում են այն կողմ, ապա միայն այն նպատակով, որպեսզի խոչընդոտ ստեղծեն, որ նրանք չկարողանան Լեւոն Քոչարյանին օգնել։ 

ՖՈՏՈ 2.jpg (142 KB)

Ալեքսանյանն ասաց, որ Քոչարյանի հետեւում կանգնածը Հրաչիկ Խաչատրյանն է, որը ասել է, թե գտնվել է Լեւոն Քոչարյանի դիմաց եւ այդ ժամանակ ստացել է վերջինիս կողմից ոտքերի կողմում 2 անգամ հարված։ 

ֆոտո 03.png (3.38 MB)

Տեսանյութում երեւում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լեւոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում։ «Այդ հնարքն անհամաչափ ուժ է, որը տվյալ պարագայում ոստիկանության նշված աշխատակիցը պարզապես իրավունք չուներ կիրառելու»,- նշեց Ալեքսանյանը։

ֆոտո 04.jpg (150 KB)

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Լեւոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել․ «Ըստ մեղադրանքի՝ ոստիկանները Լեւոն Քոչարյանին իբրեւ հորդորել են, որ իրեն հանգիստ պահի, չհայհոյի։ Հորդորը բոլորս գիտենք, որ խոսակցական կոնտակտն է։ Այս ջղաձգված անձը, որը պառկած է Լեւոն Քոչարյանի վրա, ինչպե՞ս է նրան հորդորում, որ նա հանգստանա։ Նրան Հրաչիկ Խաչատրյանը 2 անգամ արագ հարվածում է։ Լեւոն Քոչարյանի ձեռքերը վերեւ են, դեպի գլուխը պահելուն են ուղղված, ինչը ենթադրում է, որ նա փորձում է պահել գլուխը»։

ֆոտո 5.jpg (342 KB)

«Ստացվում է, որ Լեւոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 բերետավորների, բայց արդյունքում նրանց մասով որեւէ բժշակական փաստաթուղթ կամ դատաբժշկական եզրակացություն չկա, ընդհակառակը կան բժշակական փաստաթղթեր, որոնք վկայում են Լեւոն Քոչարյանի մարմնական վնասվածքների մասին»,- ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը պատմեց, որ երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են․ 

«Բերման ենթարկվողի նվազագույն իրավունքներն են՝ տեղեկացնել իր հարազատներին բերման ենթարկվելու մասին, ունենալ փաստաբան, եւ ենթարկվել բժշկական զննության։ Լեւոն Քոչարյանի նկատմամբ գործադրվել է բռնություն, նա ստացել է բազմաթիվ հարվածներ՝ մարմնի տարբեր հատվածներում եւ ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ խնդրել է, որ բուժզննում անցնի։ Իրավապահներն ի սկզբանե հրաժարվում էին այդ նվազագույն իրավունքն իրացնել, այսինքն՝ որեւէ բժշկական զննության մասին մոտ կես ժամ խոսք չէր գնում։ Այդ միջամտությունը եղել է ուշացված»։

Հիշեցնենք, որ Քոչարյանը բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներից մեկի ժամանա Նրա նկատմամբ կիրառվել է բռնություն, որի հետեւանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ։ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 22-ին, նա մեկ ամիս ժամկետով կալանավորվել է։