Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում ընթանում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաեւ նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շենքի մուտքի մոտ կարմիր գորգի վրա դիմավորում է հյուրերին եւ ներս հրավիրում:
նշենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս շենք մտնել եւ ներկա լինել նիստին, նման բան նախկինում երբեք չի եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» - 12 մանդատ
«Հանրապետություն» - 8 մանդատ
«Հանրային ձայն»- 7 մանդատ
Հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն Տիգրան Ավինյանը եւ ընտրվեց 32 կողմ եւ 5 դեմ ձայներով:
ՔՊ-ն եւ «Հանրապետություն» համգործակցության հուշագիր ստորագրեցին, ինչը նշանակում է, որ նրանք քաղաքը կղեկավարեն միասնական:
Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» չմասնակցեցին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ: Սակայն Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց և նիստը կայացավ:
Այդուհանդերձ, պետք է նկատել, որ ՔՊ- «Հանրապետություն» զույգը ավագանիում չունի մեծամասնություն: 65 հոգանոց ավագանու մանդատներից միայն 32-ն է այս երկու ուժին պատկանում, մնացած 33-ը ընդդիմադիր ուժերինն են:











