Հունգարիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պաշտպանությանը: Այս մասին հոկտեմբերի 27-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է կասեցնել ադրբեջանական վանդալիզմը Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում։
«Մենք մի երկիր ենք, որը հպարտանում է իր քրիստոնեական ժառանգությամբ: Եվրոպայում այժմ դժվար է խոսել այս մասին, քանի որ քաղաքականության մեջ իշխում է լիբերալ մեյնսթրիմը։ Մենք ժողովուրդ ենք, ով հպարտանում է մեր քրիստոնեական ժառանգությամբ: Այժմ, եթե Եվրոպայում ինչ-որ մեկն ասում է, որ հպարտանում է իր քրիստոնեական ինքնությամբ, թեք են նայում։ Բայց համաշխարհային համատեքստում մենք կարևոր ենք համարում քրիստոնեական համայնքների առաջխաղացումը: Մի շարք երկրներում մենք ֆինանսավորել ենք ճարտարապետական օբյեկտների և քրիստոնեական եկեղեցիների անմիջական պաշտպանությանն ուղղված ծրագրեր։ Եթե կա նման հնարավորություն և անհրաժեշտություն, մենք պատրաստ ենք, ելնելով մեր քրիստոնեական պարտավորությունից, հաճույքով օգնել», - ասել է Սիյարտոն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ժխտում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների հայկական պատկանելությունը՝ դրանց «ալբանական» ծագում վերագրելով ։




























