Լատվիայի Սեյմն առաջին ընթերցմամբ հաստատել է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք արգելում են Ռուսաստանում գրանցված տրանսպորտային միջոցների առկայությունը Լատվիայում, հայտնում է Deilfi-ն։

Օրինագիծը նախատեսում է, որ Ռուսաստանում գրանցված մեքենայի սեփականատերը պետք է գրանցի մեքենան կամ հեռացնի այն Լատվիայի տարածքից օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Անցումային շրջանի ավարտից հետո Ռուսաստանում գրանցված տրանսպորտային միջոցների օգտագործումը Լատվիայի ճանապարհային երթևեկության մեջ կթույլատրվի, եթե անձը հատի Լատվիայի տարածքը տարանցումով։ Ռուսաստանում գրանցված տրանսպորտային միջոցը Լատվիայի տարածքով կարող է տարանցվել միայն մեկ անգամ։

Միևնույն ժամանակ փոփոխությունները պարտավորեցնում են, որ նախքան Լատվիա մուտք գործելը, անձը, օգտվելով Ճանապարհային անվտանգության տնօրինության էլեկտրոնային ծառայություններից, պետք է տեղեկատվություն ներկայացնի տրանսպորտային միջոցի, մեքենայի վարորդի, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, որի ընթացքում տրանսպորտային միջոցը կմասնակցի երկրի ճանապարհային երթևեկությանը: Այն չպետք է գերազանցի 24 ժամը:

Եթե ​​տրանսպորտային միջոցը գրանցված չէ Լատվիայում կամ չի ուղևորվում Լատվիայից դուրս, և հայտնաբերվել է դրա չարտոնված օգտագործումը ճանապարհային երթևեկության մեջ, մեքենան կառգրավվի: Նախատեսվում է, որ առգրավված մեքենաները կտեղափոխվեն Ուկրաինա, որպես աջակցություն Ուկրաինային ագրեսոր պետության դեմ պայքարում։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակումը և նրա տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող վտանգը՝ Ռուսաստանում գրանցված մեքենաների առկայությունը Լատվիայի տարածքում անընդունելի է։ Բացի այդ, Ռուսաստանում տրանսպորտային միջոցները հաճախ չեն համապատասխանում ԵՄ տեխնիկական պահանջներին, իսկ ճանապարհային երթևեկության մեջ նման մեքենաների օգտագործումը կարող է վտանգել ճանապարհային անվտանգությունը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից։