«Նոր» Լիբիան կապրի իսլամական օրենքներով, եւ շարիաթին հակասող ցանկացած օրենք կհանվի, հայտարարել է Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը, հայտնում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:

Նախօրեին Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել էին 40 տարուց ավելի ղեկավարած Մուամար Քադաֆիի ռեժիմից  երկիրը լիակատար «ազատագրելու» մասին:

 «Մենք` որպես իսլամական պետություն, ընդունել ենք իսլամական շարիաթը իբրեւ օրենսդրության հիմնական աղբյուր»,- Բենգազիում ելույթ ունեցած Ջալիլի խոսքերը մեջբերել է  «Ալ-Իքթիսադըյա» համացանցային պորտալը:

ԱԱԽ-ի ղեկավարը իսլամի օրենքներին չհամապատասխանող օրենքի օրինակ է համարել  բազմակնությունն արգելող օրենքը եւ հայտնել, որ այն չի գործելու:

 «Ես օրինակ կբերեմ ամուսնության եւ ամուսնալուծության մասին օրենքը, որն արգելում է բազմակնությունը: Այդ օրենքը հակասում է շարիաթին», - ասել է Ջալիլը:

Լիբիան 42 տարի ղեկավարած Քադաֆին զոհվել է հոկտեմբերի 20-ին` իր հայրենի քաղաք Սիրտի շրջակայքում:

Վարկածներից մեկի համաձայն` գնդապետին գերի են վերցրել եւ սպանել ԱԱԽ-ի կողմնակիցները: Սակայն ԱԱԽ-ի պաշտոնական ներկայացուցիչները  ավելի վաղ հայտարարել էին, որ Քադաֆին մահացել է հիվանդանոց տեղափոխելիս, երբ նրան տեղափոխող մեքենան ընկել է հրամանատարի կողմնակիցների եւ հեղափոխականների փոխհրաձգության տակ:

Ավելի վաղ, հոկտեմբերին, «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ-Զավահիրին լիբիացիներին կոչ էր արել ստեղծել շարիաթական պետություն: