Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները ոչ միայն պահպանեցին փխրուն խաղաղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, այլեւ վստահության ինչ-որ նշաններ ստեղծեցին: Այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Մոսկվայից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:
Սարգսյանը ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այլ երկրների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համգործակցությամբ գործադրած միջնորդության ջանքերի համար:
Հայաստանի նախագահը նշել է, որ անձամբ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների 10 եռակողմ հանդիպում եւ ստորագրվել են երեք հայտարարություններ, որոնք ոչ միայն օգնել են պահպանել անկայուն խաղաղությունը, այլեւ հնարավորություն են ստեղծել վստահության ինչ-որ նշանների ի հայտ գալու: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները երեք հայտարարություն են ստորագրել Ակվիլում, Մուսկոկում եւ Դովիլում, որոնցով ուրվագծվում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կրկին հավաստել է Հայաստանի ցանկությունը ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հարցում` բացառապես խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի ամբողջական սկզբունքների վրա հիմնված: «Այս բանալին ենք մենք տեսնում հարցի կարգավորման համար, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատության իրագործման հնարավորություն, խաղաղության հաստատման պայմաններ, անվտանգություն եւ կայունություն», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Նշենք, որ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել հոկտեմբերի 23-ին: Մոսկվայում արդեն կայացել են հայ-ռուսական բանակցություններն ամենաբարձր մակարդակով: Բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Սերժ Սարգսյանը նաեւ ելույթ է ունեցել Մոսկվայի պետհամալսարանում: Հոկտեմբերի 25-ին նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:



























