Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2011-ին կարող է անցնել 1 մլրդ դոլարից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Կրեմլում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ավարտից հետո, Մոսկվայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մենք հաղթահարել ենք մեր հարաբերություններում ճգնաժամի հետեւանքները եւ տարվա արդյունքներով մենք կհասնենք մինչճգնաժամային մակարդակին, ապրանքաշրջանառությունը կանցնի մեկ մլրդ դոլաից»,- հայտարարել է Մեդվեդեւը:
Նա նշել է, որ ռուսական ընկերությունների ընդհանուր ներդրումային փաթեթը Հայաստանում անցել է 2,8 մլրդ դոլարից:
Մեդվեդեւի ներկայացմամբ, բիզնեսի ոլորտում գործընկերության խթան է եկամուտների եւ ունեցվածքի նկատմամբ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ այսօր ընդունված համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ 2010-ի տվյալներով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 995,1 մլն դոլար, ինչը 10,6 տոկոսով ավելի է 2009-ի ցուցանիշից:
Նշենք, որ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել հոկտեմբերի 23-ին: Մոսկվայում արդեն կայացել են հայ-ռուսական բանակցություններն ամենաբարձր մակարդակով: Բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Սերժ Սարգսյանը նաեւ ելույթ է ունեցել Մոսկվայի պետհամալսարանում: Հոկտեմբերի 25-ին նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

























