Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ քննարկել ատոմային էներգետիկայի նախագիծը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, հայաստանցի իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Մոսկվայից  տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, 2010թ. Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկկողմ համագործակության համաձայնագիր էր ստորագրվել հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին: Ծրագրվում է նոր էներգաբլոկը շահագործման հանձնել մինչեւ 2017 թվականը:

Ռուսաստանի նախագահը նշելէ, որ ՌԴ-ի կատարած ներդրումների ծավալը ՀՀ-ում մոտենում է 3 միլիարդին, եւ սա դեռ սահմանը չէ:  «Մենք միանգամայն վստահ ենք, որ ներդրումների ծավալը կարող է ավելի շատ լինել», - հայտարարել է ՌԴ ղեկավարը: Ռուսական ընկերությունները, նշել է նա, կայուն կերպով բնական գազով ապահովում են Հայաստանին եւ ակտիվ աշխատում են էլեկտրաէներգիայի բնագավառում: Առաջիկայում նախատեսվում է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շահագործումը:  «Համոզված եմ, որ գազաէներգետիկ նախագծերի իրագործումը այդ բնագավառում համագործակցությունը ավելի բարձր մակարդակի կհասցնի:  Սակայն չի կարելի էներգետիկայով սահմանափակվել, թեեւ այն շատ կարեւոր է: Մենք հասկանում ենք, օրինակ, որքան կարեւոր են մեր հայ ընկերների համար ենթակառուցվածքների բնագավառին վերաբերող ծրագրերը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Նշված բնագավառում, ընդգծել է Դմիտրի Մեդվեդեւը, քննարկվել են երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագծերը: Նաեւ քննարկվել են Հայաստանը ստեղծված բարդ տրանսպորտային վիճակից դուրս բերելու հետ կապված նոր գաղափարներ:

 «Հուսով ենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ երրորդ որոշ երկրների համատեղ ջանքերով կարող ենք Հայաստանում ունենալ ավելի ժամանակակից եւ սկզբունքորեն նոր հաղորդակցական համակարգեր»,- հայտարարել է Մեդվեդեւը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, շարունակվում են Իրանից Հայաստան եկող երկաթգծի շինարարության նախապատրաստական աշխատանքները:  Շինարարության ժամանակացույցի եւ ֆինանսավորման համար բանակցություններ են տարվում իրանական եւ ռուսական գործընկերների  հետ: