Բացակայում է վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը, ինչն արդեն իսկ բացառում է կալանք խափանման միջոցի կիրառումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին:
«Բացի այդ, գոյություն ունի նաև ընտրված խափանման միջոցի անհամաչափության խնդիր։ Չափազանց հետաքրքրական է վերաքննության կարգով խափանման միջոցը ծանրացնող դատավորի անձը եւ գործի առնչությամբ նրա անաչառությունը: Գործը քննել է դատավոր Մակյանը, որը ԲԴԽ-ի անդամ դատավոր է եղել, առաջխաղացվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: ԲԴԽ-ում իր գործունեությունը կապված է շատ զգայուն գործերով դատավորների վերաբերյալ ոչ իրավաչափ կարգապահական որոշումների հետ, որոնք բնականաբար ենթարկվել են գործադիրի ազդեցությանը:
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունն, իրականացրած ուսումնասիրության արդյունքներով, եզրահանգել է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավորների թեկնածուների ընտրության գործընթացը դուրս է հանրային վերահսկողության որևէ հնարավորությունից: Այստեղ կան նաև դատավորի անկողմնակալության հետ կապված հարցեր։ Դատական ակտում արտահայտվել են տեսակետներ, որոնք օբյեկտիվ դատողություններ չեն եւ կարող է պայմանավորված լինել խեղված արժեհամակարգով, ինչը դատավորի մասնակցությունը տվյալ գործի քննությունը բացառող հանգամանք պտք է լիներ: Եթե դատավորը սխալ պատկերացումներ ունի երեւույթների վերաբերյալ և նախատրամադրվածություն՝ պայմանավորված արժեհամակարգով, ապա նա կաշկանդված է և չի կարող օբյեկտիվ գործեր քննել»,-ասաց Սիրանուշ Սահակյանը: Նրա խոսքով, եթե Վճռաբեկ դատարանի կողմից այս հարցը հանգուցալուծում չստանա, եւ անձնական ազատության իրավունքի շարունականան խախտումը չվերացվի, իրենք հետամուտ են լինելու նաեւ մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների ճանապարհով իրավունքների խախտման արձանագրմանն ու վերականգնմանը:
Ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Մեկ բառով ասած, անհիմն է։ Հաշվի առնելով, որ նախաքննության փուլում ենք եւ այս գործով առկա են պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ, այս փուլում զերծ կմնամ մեկնաբանություններից: Սակայն վստահեցնում ենք, որ հանրությունը տեղեկանալու է այս գործընթացի իրական դրդապատճառների, պատվիրատուների եւ այլ հանգամանքների վերաբերյալ։ Նաեւ հետևանքներ են լինելու պարոն Ալթունյանի բարի համբավ արատավորելու համար: Բայց դրանց անդրադարձ կկատարենք հաջորդիվ: Իսկզբանե հետապնդման բավարար հիմքեր չեն եղել, եւ այն, ինչը մեղսագրվում է, կարելի էր հերքել օրերի ընթացքում։





























