NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենի համար նախատեսված նոր ռելսերի առաջին խմբաքանակը (86 հատ), որը ձեռք է բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, նախօրեին ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան: Խոսքը մետրոպոլիտենի 32 անվազույգերի և 4300մ ռելսերի մասին է, որի ձեռք բերման համար կառավարությունը միայն նախորդ շաբաթ էր 620 մլն դրամ հատկացրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Սասունցի Դավիթ կայարանից դեպի Գործարանային ուղեհատվածում մաշվածության հետևանքով մետրոյի վագոնի ձախակողմյան անիվը վնասվել էր, կիսով չափ դուրս է եկել ռելսերից։ Ստեղծված իրավիճակից ելնելով Մետրոպոլիտենը փակվեց մեկ օրով, որպեսզի բոլոր գնացքները անցնեն տեխնիկական զննում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հոկտեմբերի 30-ին անդրադառնալով խնդրին, նշել էր, որ  շատ վտանգավոր վիճակում ենք և որ բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Բանն այն է, որ 6-7 ամիս է մետրոյի ռելսերի փոփոխման համար չէր հաջողվում կառավարությունից ֆինանսավորում ստանալ, քանի որ ֆինանսների նախարարությունը այդ ծախսերը հաշվարկել էր 2024 թ. բյուջեում:

Նշենք, որ վերջին անգամ Երևանի մետրոպոլիտենը ռելսեր է ձեռք բերել շուրջ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հունվարին՝ 4250մ:  NEWS.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում ռելսերի մնացած մասը նույնպես կբերվի Հայաստան:

«Մետրոպոլիտենը որպես բարդ ինժեներական կառույց հագեցած է տարատեսակ մեքենամեխանիզմներով, սարքավորումներով, նյութերով և այլն։ Այս տարվա կարևորագույն խնդիրներից մեկն էր առավել հրատապություն ունեցող և երթևեկության անվտանգությունն ապահովող երկու բաղադրիչների՝ անվազույգերի և ռելսերի ձեռքբերումն ու ֆինանսավորումը։ Նշված գնման առարկաների մասով ընկերությունը հայտարարել էր մրցույթ, որը կայացել էր և կային հաղթողներ, ինչպես նաև կար մատակարարման վերջնաժամկետ։ Ֆինանսավորման հարցը հնարավորինս արագ կարգավերելու նպատակով հարցը բարձրացվեց կառավարության նիստում»,-պարզաբանեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ անվազույգերի և ռելսերի ոչ ժամանակին մատակարարումը կհանգեցնի երթուղի դուրս եկող գնացքների քանակի նվազեցմանը, իսկ ռելսերի չփորարինման հետևանքով կառաջանան անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման նպատակով գործադիրը  ավելի քան 620 միլիոն դրամ էր հատկացրել:

Մետրոպոլիտենում ներկայում շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս: Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա է 270 հատ ժամկետանց եւ 40 հատ արատային ռելսեր: