2023թ. նոյեմբերի 13-ին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Ադրբեջանի դեմ առաջադրած մեղադրանքները մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Բրյուսելում, միջազգային հարաբերությունների խորհրդի նիստից հետո, միտումնավոր խեղաթյուրում են իրողությունները տարածաշրջանում եւ լիովին անհամարժեք են եւ անընդունելի։ Այս մասին նշվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։
Գերատեսչությունը նշել է, որ «մեղադրանքները, որոնք առաջադրել է ԵՄ ներկայացուցիչը, որը ոչ մի քայլ չի կատարել, որպեսզի Հայաստանին դրդի գործել միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան, սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հիշեցնում է, որ «թե՛ 44-օրյա Հայրենական պատերազմը, թե՛ 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները այս տարվա սեպտեմբերին իրականացվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում։ Ադրբեջանը լեգիտիմ մեթոդներով վերականգնել է իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների շրջանակում»։
Հայտարարությունում նշվել է, որ «մինչ ԵՄ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը՝ անջատողականություն հրահրել մեր երկրի տարածքում, լուրջ անհանգստություն են առաջացնում»։
«Հայաստանի սպառազինմանը եւ մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող ռազմականացմանն աջակցելու Եվրամիության ջանքերը վկայում են այն քաղաքականության խրախուսման մասին, որը տանում է դեպի նոր հակամարտություններ, եւ դրա պատասխանատվությունն ընկնում է ԵՄ-ի վրա։ Եվրոպական խաղաղ նախաձեռնությունն օգտագործելու պլանները, նախաձեռնություն, որը նախատեսում է, մասնավորապես, ռազմական պոտենցիալի ավելացում, նպաստում են լարվածության աճին տարածաշրջանում։ Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, եւ ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ միայն դրական արդյունք չի տա, այլեւ համարժեք պատասխան կստանա»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։




























