Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները Գյումրիում սեմինար են անցկացնում` մասնակիցներին  Ընտրական օրենսգրքում կատարված  վերջին փոփոխություններին ծանոթացնելու նպատակով: Ըստ այդ փոփոխությունների` ընդլայնվում են  հանձնաժողովների լիազորությունները,  ինչպես նաեւ մեծանում է պատասխանատվությունը: Միջադեպերի, ընտրական հանձնաժողովներում այս կամ այն դեպքերի նկատմամբ պատասխանատվությունը հավասարապես կիսում են ԿԸՀ նախագահը եւ անդամները:

Փոփոխությունները ենթադրում են վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների դերի բարձրացում: «Ընտրական գործընթացի ժամանակ գրեթե միշտ խնդիրներ են ծագում` պայմանավորված հանձնաժողովների անդամների անտեղյակությամբ: Հաճախ դրանք խախտումների պատճառ են դառնում: Սեմինարների միջոցով փորձում ենք բարձրացնել ընդհանուր տեղեկացվածության մակարդակը` ինչ-որ չափով խախտումների քանակը կրճատելու համար», -նշեցին միջոցառման կազմակերպիչները:

ԿԸՀ ներկայացուցիչներն  արդարացի համարեցին որոշ քաղաքական ուժերի կողմից հնչող այն քննադատությունը,  թե  ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման համար  մեր երկրում քաղաքական կամք չկա: ՀՅԴ-ից ԿԸՀ անդամ Համլետ Աբրահամյանը  որպես օրինակ նշեց, որ շատ բան կախված է հենց հանձնաժողովի անդամներից, եւ եթե նրանք կատարեն իրենց վրա դրված պարտավորությունները ու հետեւեն ընտրական գործընթացին պատշաճ  կերպով, հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել:

Համաձայն կատարված փոփոխությունների` չորրորդ իշխանության ներկայացուցիչների համար  ընտրական ողջ գործընթացը հասանելի կլինի: