2011 թվականին պետբյուջեից Լոռիի մարզին, միայն ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար փոխանցվել է 130 միլիոն դրամ, աշխատանքներ են կատարվել մոտ 37 ուղղություններով: Հիմնականում իրականացվել են փոսային նորոգումներ, իսկ 15 միլիոն դրամի` մայթերի բարեկարգման աշխատանքներ: Լոռիի մարզի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը, ով եւ վերահսկում է ստացված գումարի համապատասխան ծախսերը, փոխանցեց, որ պետբյուջեի հատկացումը թեեւ անցած տարվանից 30 միլիոնով ավելի է եղել, սակայն ոչ բավարար` փողոցների մասնակի ու լրիվ ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար:

«Քանի որ գումարը չհերիքեց` քաղաքի առաջնային բարեկարգման փողոցներն ասֆալտելու համար, մենք միջնորդություն արեցինք եւս 20 տոկոսի չափով մեզ գումար հատկացնելու համար, կառավարությունն էլ բավարարեց մեր միջնորդությունը, ու էլի հատկացումներ արեց»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Լյովա Մելիքյանը: Հատկացված գումարներն ամբոջությամբ իրենց նպատակին են ծախսվել, ու հիմա էլ դեռ աշխատանքների մեջ են քաղաքի մի շարք փողոցների փոսանորոգումն ու ասֆալտապատումը:

Բացի այս հատկացումներից, գումարներ են տրամադրվել նաեւ մարզպետարանի կողմից` մասնավորապես Տարոն-4 միկրոշրջանում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար, ներդրումների չափը կազմում է մոտ 100 միլիոն դրամ, քանի որ սա առաջնային նորոգության կարիք ունեցող թաղամասերից էր: Այս թաղամասում կատարվել են ոչ միայն ասֆալտապատման, այլեւ փողոցի լայնացման աշխատանքներ: Մայթն ընդգրկող կիպ կառույցների ու բնակելի տների սեփականատերերին տրվել է  համապատասխան գումարային փոխհատուցում, տների հեռացման հաշվին լայնացել են փողոցը:

Հարկ է նշել, որ Տարոն-4 միկրոշրջանի այդ հատվածը հատկապես վթարավտանգ էր, ու մեծ թվով վթարներ կան այս հատվածում գրանցված: Հաջորդ` 2012 թվականի համար, առաջնային նորոգության կարիք ունեցող փողոցների պատկերն արդեն գրեթե պարզ է, բայց ոչ հաստատված: Մինչ այս տարվա ավարտը, կհաստատվեն այդ փողոցների ցուցակներն ու պարզ կդառնա պետբյուջեի հատկացումների չափը: