Նախագահ Զին Ալ Աբիդին բեն Ալիի ռեժիմի տապալումից հետո հոկտեմբերի 23-ին կայացած Թունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթել է չափավոր իսլամիստական «Ան Նահդա» («Վերածնունդ») շարժումը:
Հոկտեմբերի 27-ին Թունիսի ԿԸՀ-ն հայտարարել է, որ շարժումը ստացել է քվեների 41,47 տոկոսը, ինչն իրավունք է տալիս զբաղեցնել խորհրդարանի 217 աթոռներից 90-ը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Օրենսդիր մարմինը կոչված է լինելու որոշել երկրի ժամանակավոր ղեկավարությունը, մեկ տարում մշակել նոր սահմանադրություն եւ Թունիսը նախապատրաստել համընդհանուր ընտրություններին:
Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է Հանրապետական կոնգրեսը` 13,82 տոկոս:
Անակնկալ է եղել Լոնդոնում բնակվող թունիսցի օլիգարխ Հաշմի Հաադմիի «Արդարության եւ զարգացման ժողովրդական պահանջ» կուսակցության չորրորդ տեղը: Վեց տեղամասերում կուսակցության ցուցակները չեղյալ են համարվել ֆինանսական խախտումների համար: Հունվարի 14-ի հեղափոխության սկզբնավայր Սիդի Բուզիդում այդ կապակցությամբ տեղի են ունեցել անկարգություններ: Հաադմին արդեն հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը եւ դուրս է գալիս ժամանակավոր ասամբլեայից: Օլիգարխի հաջողությունը բացատրում են սեփական հեռուստաալիքով ընտրողներին անվճար բուժսպասարկում եւ Թունիսի 500 հազար գործազուրկներից յուրաքանչյուրին 100 եվրո հատկացնելու հայտարարություններով:




























