Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է անում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների Մոսկվայից Թուրքիայի նախագահին արած հեռախոսազանգը չտեղափոխել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման միջնորդության հարթություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ` ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Հեռախոսազանգը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կողմից միջնորդության փորձ դիտարկելու մասին հարցին ի պատասխան, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նկատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Մեդվեդեւն ու Սարգսյանը ցավակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին ծանր տարերային աղետի կապակցության եւ աջակցություն հայտնել թուրք ժողովրդին:
«Ես դա չէի տեղափոխի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանն ուղղված միջնորդության հարթություն», - ասել է Լուկաշեւիչը:




























