Լոռիի մարզի Ագարակ գյուղում, հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել նույն գյուղի բնակչուհի Իսկուհի Քոչարյանին պատկանող տարածքում: Այրվել է անասնագոմի վրա պահեստավորված խոտի դեզը:
Կրակն այնքան մեծ է եղել, որ ջարդվել է դեզի վրա կառուցված, ընդհանուր առմամբ, 15 քմ մակերեսով ազբոշիֆեր տանիքը, այրված չոր խոտի չափը եղել է մոտ 200 կգ: Դեպքի վայրում բնակիչների պատմելով, խոտի դեզի այրվելը նկատելուն պես գյուղի բնակիչները փորձել են սեփական ուժերով այն հանգցնել, սակայն կրակն ուժեղ է եղել, ու ստիպված զանգահարել են հրշեջ-փրկարար ծառայություն:
«Հրդեհի բռնկման վայրից մեկ մետր հեռավորության վրա տեղակայված էին բնակելի տներ, հարեւանությամբ կային նաեւ այլ անասնագոմեր, հրդեհի տարածումը չկանխելու դեպքում, հնարավոր հետեւանքներից խուսափելը դժվար կլիներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարած Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի ենթասպա Արարատ Այվազյանը:
Նշենք նաեւ, որ թեև հրդեհը չափերով փոքր էր, բայց տարածվելու հավանականություն կար, քանի որ այրվում էր չոր խոտածածկույթ, ու վառվող դեզին կից այլ դեզեր եւս կային:




























