Գործարարներին «հնազանդների» եւ «անհնազանդների» բաժանելը դժվար թե ռացիոնալ լինի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Նման չափանիշներն անընդունելի են ձեռնարկատերերի նկատմամբ: Նրանց պետք է գնահատել  բոլորովին այլ չափանիշներով»,- հավելեց նա, անդրադառնալով 2012 թվականին լրացուցիչ հարկային բեռի մասին հարցին, որի թիրախը կարող են դառնալ իշխանությունների համար «անհնազանդ» գործարարները, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը: «Գործարարները հարկեր են վճարում իրենց տնտեսական գործունեությանը համապատասխան»,- վստահեցրեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեի նախագծով, հարկերի, տուրքերի եւ սոցիալական վճարների գծով նախատեսվում են լրացուցիչ հավաքագրումներ` 101 մլրդ դրամի չափով, որի արդյունքում այդ ցուցանիշը կկազմի 874 մլրդ դրամ:

Գալուստ Սահակյանից առաջ, ճեպազրույցների ժամանակ հանդես էր եկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հայտարարելով, որ այդ հավելաճն, ամենայն հավանականությամբ, կապահովվի իշխանությունների համար անհնազանդ գործարարների հաշվին: «Չգիտեմ, թե կոնկրետ ով կդառնա ֆիսկալ մարմինների ուշադրության առարկան, չեմ կարող ասել, որ դա կլինի հենց Ծառուկյանը: Բյուջեի նախագիծը կարող է զգուշացում լինել ոչ այնքան կոնկրետ մարդկանց, որքան բիզնեսին ընդհանուր առմամբ»,- ընդգծել էր նա: