Թաիլանդում ջրհեղեղների եւ սողանքների պատճառով մեր համաքաղաքացիները չեն դիմում տուրգործակալություններին` այդտեղ հանգստի մեկնելու համար: Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրգործակալությունների շրջանում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում շատերն էին ցանկություն հայտնել Թաիլանդ գնալ: Իսկ այժմ մարդիկ նույնիսկ վախենում են Թաիլանդ գնալու համար փաթեթ «բրոնյա» անել:

Օրինակ` «Դոլչե թրավելից» մեզ հայտնեցին, որ այս շրջանում իրենց ոչ ոք չի դիմել Թաիլանդ գնալու համար: «Արմեն տուրի» փոխանցմամբ` չնայած հայերը հիմնականում այս սեզոնին են նախընտրում գնալ Թաիլանդ, բայց այս տարի դիմողներ գրեթե չկան: Այդ գործակալությունից հայտնեցին, որ իրենց մեկ հոգի էր իրենց դիմել Թաիլանդ գնալու համար, սակայն հետ են վերադարձրել փաթեթը ջրհեղեղների եւ սողանքների պատճառով: «Ռիմա տուրում» եւս վերջին մեկ ամսվա ընթացում Թաիլանդ գնացողների չեն ձեւակերպել` կապված ջրհեղեղների հետ:

Այժմ կամ Նոր տարուն Թաիլանդ գնալու համար քաղաքացիներ չէին դիմել նաեւ «Արգոտուր» գործակալությանը: «Արենի տուրից» հայտնեցին, որ մարդիկ վախենում են Թաիլանդ գնալ եւ չեն դիմել: Նրանց փոխանցմամբ` նախորդ տարի այդ ժամանակ շատերն էին դիմել, բայց այժմ` ոչ ոք: «Մեկ զույգ էր դիմել Թաիլանդ գնալու համար, սակայն տոմսերը շատ թանկ էին, ջրհեղեղն էլ իր հերթին, դրա համար էլ հրաժարվեցին: Թաիլանդ գնալը թանկ հաճույք է հատկապես` Նոր տարում»,- նշեց այդ գործակալության աշխատակիցը` հավելելով, որ Թաիլանդ չգնալու պատճառներն են ջրհեղեղը, ֆինանսական ճգնաժամը, տոմսերի թանկությունը:

Նշենք, որ Թաիլանդը համարվում է հրաշալի հանգստյան գոտի, այն թանկ ուղղություն է: Տուրգործակալությունների փոխանցմամբ, թանկության պատճառով հաճախ մարդիկ նախընտրում են գնալ Եգիպտոս, Շրի Լանկա, Դուբայ, բայց ոչ Թաիլանդ: Մեր համաքաղաքացիները  հիմնականում Թաիլանդ գնում են ձմռանը`  դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին, ինչպես նաեւ մարտից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում:

Տուրգործակալություններից NEWS.am-ին հայտնեցին, որ հայերը Թաիլանդում հանգիստը նախընտրում են անցկացնել հատկապես Նոր տարուն եւ այդ ժամանակ գներն ավելի են բարձրանում:

Մեր անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Թաիլանդ գնալու տուրփաթեթի գինը տարբեր է` կախված, թե որ եղանակին ես գնում, ինչ հյուրանոց ես նախընտրում եւ այլն: Մեկ անձի համար տուրփաթեթի գինը տատանվում է 1350-3000 դոլարի սահմաններում:

Հիշեցնենք, որ Թաիլանդում տեւական ժամանակ է` ջրհեղեղներ եւ սողանքներ են: Հազարավոր մարդիկ հեռանում են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից: Բնակիչները վախենում են նոր ջրհեղեղից եւ մակընթացությունից: Քաղաքի հեղեղված փողոցներում նկատվում են օձեր: Բնակիչները զգուշանում են նաեւ կոկորդիլոսներից, որոնք ազատության մեջ են հայտնվել ֆերմայի հեղեղվելու հետեւանքով: Թայլանդի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 377-ի: Դեռեւս անցած շաբաթ Բանգկոկի իշխանությունները տարհանման կոչ են արել:

 

Պատրաստեց Ինգա Մարտինյանը