Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է նախօրեին տեղի ունեցած սարսափելի սպանությունը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթեւեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105»  մակնիշի կարմիր  գույնի այրվող ավտոմեքենա: Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետեւի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով եւ կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երեւան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի  դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վրեժ Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը:

Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ին, տան հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հոկտեմբերի 28-ին, ժամը 1-ին, Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետեւի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթեւեկելի մաս եւ հրկիզել այն:

Հանցագործության գործիք կացինն առգրավված է, կատարվում է նախաքննություն: