Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքեց Աբովյանի քաղաքապետ,  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ կարդացել է այդ մասին, զարմացել է եւ «անհեթեթությունները» չի մեկնաբանում: «Դա ֆանտազիայի ոլորտից է, ինչի՞ մասին է խոսքը, քաղաքապետը շարունակում է իր աշխատանքը, քաղաքապետից աշխատանքից ազատելու հարց օրենքով էլ չկա»,- նշեց մարզպետը: 

Հարցին, թե նրա պաշտոնանկության մասին լուրերը պատճառաբանվում են Վերահսկիչ պալատի` Աբովյանի քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքներվ, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, որ ՎՊ-ի մասնագետները անցյալ շաբաթվանից են սկսել ստուգումները մարզում: «Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ ստուգումների ցանկում ընդգրկված է Կոտայքի մարզպետարանը` իր ենթակա հիմնարկներով, իսկ 67 համայնքներից միայն Եղվարդ քաղաքը: Աբովյան քաղաքում ստուգումներ նախատեսված չեն»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի գործունեությանը, մասնավորապես` մարզպետի գնահատականին, ապա Կովալենկո Շահգալդյանը նշեց, որ ամեն մեկն էլ իր աշխատանքում թերություններ ունի. «Քաղաքապետն էլ ունի թերություններ, բայց դա չի նշանակում, որ ամեն մի թերության համար համայնքի ղեկավարին պաշտոնանկ են անում, այդպիսի հարց այս պահի դրությամբ դրված չէ, որի համար էլ հիմքեր չկան: Քաղաքապետը նորմալ իրականացնում է իր գործունեությունը տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքին համաձայն»,- ասաց Կոտայքի մարզպետը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` առաջիկայում աշխատանքից հեռացվելու է Աբովյանի քաղաքագետ Կարո Գուլոյանը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: «Նման հրահանգ տվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ շրջող լուրերի` Աբովյանի քաղաքապետի հայրը` Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանն այս հարցով արդեն 2 անգամ հանդիպել է վարչապետին: Խոսվում է, թե Կ. Գուլոյանը կազատվի քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներից հետո»,- գրել էր թերթերից մեկը: