Թուրքական «Today`s Zaman»-ը  գրում է Հայաստանի կողմից Թուրքիային ցուցաբերած  օգնության մասին,  միաժամանակ  քիչ հավանական համարելով, որ այդ քայլը մերձեցնի երկու թշնամիներին:

Ըստ թերթի` Հայաստանի ԱԻ փոխնախարար Գագիկ Կոստանդյանը Էրզրումի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել օգնություն տեղափոխող օդանավը,  լրագրողներիին ասել է,  որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել է Թուրքիայի իր գործընկերոջը եւ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել:

Կոստանդյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն ուղարկել է 111 վրան, 4345 ծածկոց,  36  մահճակալ, 474 քնապարկ եւ այլն:

Նա ասել է, որ Թուրքիան չի ընդունել պարենային օգնությունը, սակայն խնդրել է ուղարկել վրանները: Կոստանդյանը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը Թուրքիային օգնություն է ուղարկել նաեւ 1999թ. երկրաշարժից հետո:

«Մենք պատրաստ ենք  անհրաժեշտության դեպքում առաջարկել ցանկացած տիպի աջակցություն: Մենք կցանկանայինք, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունենային: Սա մարդասիրական օգնություն է: Մենք երկու հարեւան երկրներ ենք»,- ընդգծել է Կոստանդյանը:

Թուրքիային արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Հայաստանի կողմից օգնություն ցուցաբերելու փաստը, նշել է, որ այս ողբերգական  օրերը կարելի է դիտարկել որպես ժողովուրդների եւ երկրների միջեւ հաշտեցման ճանապարհ: Նա ասել է, որ Թուրքիան միշտ  մարդասիրական օգնություն է ուղարկել այլ երկրների եւ ժողովուրդների` անկախ կրոնից, էթնիկ պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից:

«Մենք միշտ էլ մարդասիրական օգնությունը երախտագիտությամբ ենք ընդունել` անկախ նրանից, թե ով է այն ուղարկել»,-ասել է Դավութօղլուն: Սակայն նա բացառել է, որ Հայաստանից եւ Իսրայելից ստացված օգնությունը կարող է  այդ երկրների հետ հաշտեցման հարցում դեր խաղալ»: «Մեր դիրքորոշումը հայտնի է քաղաքական խնդիրներում»,- ընդգծել է Դավութօղլուն: