Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Գեւորգ Ալիվորյանն առաջիկայում ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ին ասաց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը` ավելացնելով, որ հետաքննությունը կշարունակվի:
«Հետաքննական մարմինների կողմից շարունակվում են առաջարկություններ ստացվել իմ պաշտպանյալին գրավի դիմաց բաց թողնելու մասին: Եթե մենք հաշվի առնեինք, որ դատական հեռանկարը հնարավոր է, ապա այդ առաջարկությունը կարելի էր քննարկել: Սակայն դա չի կարող լինել»,- նշեց փաստաբանը: Նա ընդգծեց, որ կհասնի Գեւորգ Ալիվորյանի ազատ արձակմանը: «Ես նրան դուրս կբերեմ նոյեմբերի 3-ին: Ծայրահեղ ժամկետը` նոյեմբերի 7-ի վաղ առավոտն է»,- ընդգծեց զրուցակիցը:
Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը: Սկանդալը կայանում է նրանում, որ տուժածը պնդում է, թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է: Միջադեպից մեկ օր անց անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ, Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Գարիկին բաց են թողել, եւ ներկայումս նա վկայի կարգավիճակում է:
Վկային ծեծի ենթարկելու փաստով ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»: Ոստիկանության «ջանքերը» կարելի է բացատրել: Խնդիրն այն է, որ ինչպես պնդում են տեղաբնակները, Ֆրունզեի շրջանում շատ են ադրբեջանցիները: Տվյալ պարագայում տուժել է ադրբեջանցի երիտասարդը, ով եւս, ըստ որոշ տվյալների, կապ չի ունեցել վեճի հետ, եւ ավելի շուտ, «միջոցներ են ձեռնարկվել» մեղավորներին անպայման գտնելու համար:
Գարիկ Ալիվորյանը ներկայումս բուժման կուրս է անցնում Երեւանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել էր թե ոստիկանների հետ «շփման» արդյունքում ձեռք է բերել ուղեղի ցնցում, կողոսկրի կոտրվածք: «Մեզ խեղդում էին եւ էլեկտրաշոկ կիրառում»,- պատմել է Գարիկը:Այդ երեկո եղբայրները գտնվել են սրճարանում, սակայն նկատելով, որ վիճաբանություն է սկսվում, շտապել էին լքել այն` տհաճ պատմության մեջ չներքաշվելու համար:




























