Հակահրթիռային պաշտպանության հարցով Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բանակցություններն այժմ մտել են փակուղի, քանի որ Արեւմուտքը հրաժարվում է Մոսկվային տալ իրավական երաշխիքներ, որ եվրոպական ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նա քիչ հավանական է համարել, որ մինչեւ 2012թ. մայիսը Չիկագոյում կայանալիք Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի գագաթաժողովը կողմերը համաձայնության կհասնեն: Գրուշկոն նշել է, որ թեեւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցական բանակցությունները շարունակվում են, սակայն կա տպավորություն, որ Արեւմուտքն այս ոլորտում իրականացնում է սեփական օրակարգը:
2010թ. նոյեմբերի Լիսաբոնում կայացած Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի գագաթաժողովում Ռուսաստանն ու դաշինքը պայմանավորվեցին եվրոպական ՀՀՊ համակարգի ստեղծման ոլորտում համագործակցության մասին: ԱՄՆ վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը պահանջում է թղթի վրա հաստատել այդ երաշխիքը:




























