Հայկական ատոմակայանում սթրես-թեստը կանցկացվի 2012թ. ապրիլին: ՀՀԿ առաջին տնտեսական ֆորումի ընթացքում այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը:
Սթրես-թեստ անցկացնելու մասին որոշումը «Ֆուկուսիամ-1» ատոմակայանի վթարից հետո մարտին միաձայն ընդունեցին Եվրամիության երկրները: Այսօր Եվրոպայում ատոմային էներգետիկա ունեն Եվրամիության 14 երկրներ: Ֆրանսիայում գործում է 58 կայան: Եվրամիության կազմի մեջ չմտնող եվրոպական երկրներից ատոմային էներգետիկա ունեն Հայաստանը, Թուրքիան, Բելառուսը, Խորվաթիան, Ռուսաստանը (32 ԱԷԿ), Ուկրաինան (15) եւ Շվեյցարիան (5):
Էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը նախկինում նշել էր , որ եվրոպական ԱԷԿ-ների սթրես-թեստերը կանցկացվեն երեք փուլով` ԱԷԿ-ի օպերատորի, ազգային ատոմային գործակալությունների եւ եվրոպական մակարդակով` Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության Խորհրդի փորձագետների կողմից:
Հունիսին Գյունտեր Էթինգերի ներկայությամբ Հայաստանի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Բելառուսի ներկայացուցիչները ստորագրեցին հռչակագիր, որով սեփական ԱԷԿ-ներում սթրես-թեստ անցկացնելու համաձայնություն տվեցին:
Դրանց նպատակը Եվրոպայում գործող 143 ատոմակայանների եւ կառուցվող կայանների անվտանգության գնահատումն է:
Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: Երեւանից 30 կմ հարավ գտնվող կայանը շահագործման է հանձնվել 1980 թվականին: 1988թ. Սպիտակի երկրարշարժից հետո Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց:
Ատոմակայանի վերագործարկումը տեղի ունեցավ 1995թ. նոյեմբերին: Այժմ գործում է միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5 մեգավատ հզորությամբ: Ատոմակայանն ապահովում է երկրի արտադրած էլեկտրաէներգիայի 40-50 տոկոսը: Մեծամորի ԱԷԿ-ը 2003-ից գտնվում է ռուսական «Интер РАО ЕЭС» ընկերության կառավարման տակ: Պայմանագիրը գործում է մինչեւ 2013 թվականը:



























