«Ադրբեջանական ավիաղուիները» ինքնաթիռ չեն թողել Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին, որը պետք է գործուղման մեկներ Բաքու: Միջադեպին անդրադարձել է «Коммерсантъ»-ը:

«Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում թույլ չեն տվել բարձրանալ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռ` հասկացնելով, որ պատճառը հայկական ազգանունն է: Այժմ Գյուրջյանը չի բացառում, որ կդիմի դատարան: Իրավապաշտպանները նշում են, որ հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան թույլ չտալը «բացառություն չէ, այլ` միտում»: Սակայն տվյալ դեպքում միջադեպը հասել է մինչեւ ՌԴ նախագահի վարչակազմ, որտեղ այն որակվել է որպես «բեսպրեդել»:

Սերգեյ Գյուրջյանը «ԱվտոՎԱԶ»-ի արտահանման վաճառքների վարչության պետն է եւ Բաքվում պետք է մասնակցեր «Lada» ավտոսրահի բացմանը: Գյուրջյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան Դոմոդեդովոյում փորձել է գրանցվել «Ադրբեջանական ավիաուղիների» J2 853 չվերթի համար, սակայն օդանավակայանի աշխատակցուհին, իսկ հետո նաեւ «Ադրբեջանական ավիաուղիների» ներկայացուցիչը բացատրել են, որ «ղեկավարությունը հրահանգել է հայկական ազգանունով ուղեւորներին չգրանցել»:

Գյուրջյանին չի օգնել նաեւ Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը եւ Մոսկվայում ծնված եւ ապրած լինելու հանգամանքը: Ռասայական խտրականության մեղադրանքին ի պատասխան, ավիաընկերության ներկայացուցիչները թռչելու հնարավորությունից զրկել են նաեւ Գյուրջյանի հետ եղած «Lada International» դուստր-ձեռնարկության ղեկավարներից մեկին` Դեմիտրի Շումախերին: Այդ մասին Սերգեյ Գյուրջյանը գրել է «Живой журнал» բլոգում: Գրառումը դարձել է ռուսական բլոգոսֆերայի շաբաթօրյա գլխավոր թեմաներից մեկը:

Անպարկեշտ մեկնաբանությունների պատճառով Գյուրջյանը փակել է բլոգի մուտքը մեկնաբանությունների համար: Պատմությունը նկատել են իշխանության ներկայացուցիչները: ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը Twitter-ում միջադեպը բնութագրել է որպես «բեսպրեդել»: Գյուջյանը բլոգում չի բացառել դատարան դիմելու հավանականությունը, սակայն թերթի հետ զրույցում չի հաստատել:

Իրավապաշտպանները նշում են, որ Սերգեյ Գյուրջյանի հետ տեղի ունեցածը դառնում է միտում, քանի որ հայ-ադրբեջանակն սառը հակամարտությունը շարունակվում է: «Սովա» հակածայրահեղական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Վերխովսկին թերթին ասել է, որ Ռուսաստանի հայերի մուտքի արգելք պաշտոնապես չկա, սակայն այն գործում է: 2010-ին Դոմոդեդովոյում նույն J2 853 չվերթին մերժվել է ՌԴ քաղաքացի Յուրի Մանասյանին, որը Բաքվով պետք է մեկներ Դուբայ: Այլ դեպքեր եւս եղել են:

«Ադրբեջանական ավիաուղիներում» սկանդալը չեն մեկնաբանել: Ավիափոխադրումների կանոններում գոյություն ունի կետ, որի համաձայն ավիափոխադրողը ունի իրավունք առանց պատճառաբանության արգելել ուղեւորին բարձրանալ ինքնաթիռ: «ԱվտոՎԱԶ»-ում եւս հրաժարվել են մեկնաբանություն տալ: «Ավիապորտ» գործակալության վերծուլական բաժնի ղեկավար Օլեգ Պանտելեեւը կարծում է, որ եթե միայն ազգանվան պատճառով է եղել միջադեպը, ապա կան որոշակի դատական հեռանկարներ: