Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուղերձ ազգին» հերթական եթերի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժին։
Թուրքիայի վարչապետն իր խոսքի սկզբում իր եւ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցավակցություն հայտնած ղեկավարներին եւ օգնություն ուղարկած երկրներին։ «Այդ արհավիրքի օրերին աշխարհը ցույց տվեց օրինակելի համերաշխություն եւ ես Թուրքիայի հանրապետության 74 մլն քաղաքացու անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,-նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն՝ անդրադառնալով երկրաշարժի գոտում կատարված փրկարարական աշխատանքներին՝ նշել է, թե իրոք, իրենց աշխատանքներում թերացումներ եղել են։ «Սակայն պետք է հաշվի առնել, որ նման մեծ աղետի դեպքում միանգամից հնարավոր չէր օգնություն հասցնել բոլոր կարիքավորներին»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիան երկրաշարժից հետո հրաժարվեց արտաքին օգնությունից, սակայն երկրաշարժից 3 օր անց դիմեց օգնություն առաջարկած երկրներին, այդ թվում՝ Հայաստանի եւ Իսրայելին։
Հայաստանը Թուրքիա ուղարկեց 40 տոննա բեռ՝ վրաններ, ծածկոցներ եւ այլ պարագաներ։




























