Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությունը «կոտրած տաշտակի» մասին հասցեագրված էր իշխող կոալիցիայի կազմում չընդգրկված քաղաքական ուժերին: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը հոկտեմբերի 31-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
Ըստ քաղաքագետի, եթե այդ հայտարարությունն ուղղված լիներ կոալիցիոն ուժերին, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, վարչապետն ավելի հստակ կարտահայտվեր:
Իր հերթին, ասուլիսի մյուս մասնակից, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նման դիրքի պաշտոնյային անթույլատրելի է այդպիսի հայտարարություններ անելը: Ընդ որում, քաղաքագետը մատնանշեց մարդկանց մեջ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորության հավատի բացակայությունը: Ըստ Մանվել Սարգսյանի` իշխանությունները գոծում են «կամ համագործակցում եք մեզ հետ, կամ ոչինչ չեք ստանում» կարգախոսով, քաղաքական ուժերն էլ գործարքի մեջ են մտնում, ընտրություններն էլ ընդհանուր հաշվով ոչինչ չեն փոխում: «Իսկ իշխանության ձեւավորումը գործարքների միջոցով, ոչ մի ընդհանուր բան չունի սահմանադրականի հետ: Հիանալի հայտարարություններ են արվում, բայց հետո ոչ ոք չի իրագործում այն, ինչ ասել է, եւ այս ճանապարհի առաջին քայլը իշխանությունը գործարքների միջոցով ձեւավորելն է», - ընդգծեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջներին, ապա, Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար քիչ նախադրյալներ կան, եւ նման ընտրությունները բնավ ձեռնտու չեն ընդդիմությանը: Հակառակը, արտահերթ ընտրությունների ընթացքում ընդդիմությունը ավելի քիչ ձայն կստանա, քան եթե աստիճանաբար բարձրացնի հասարակության դժգոհության աստիճանը:
Ըստ Մանվել Սարգսյանի` արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմներն անհստակ են: Միեւնույն ժամանակ, որոշակի անվստահություն կա ՀԱԿ-ի նկատմամբ:
«Կոտրած տաշտակի» առջեւ կմնան միայն այն քաղաքական ուժերը, ովքեր ձգտում են Հայաստանին տանել ոչ կառուցողական ճանապարհով: Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով օրերս խորհրդարանում ասված իր խոսքերը:
Հիշեցնենք, այդ ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ այն քաղաքական ուժերը, ովքեր կնախընտրեն համագործակցել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, կշահեն դրանից, ով կնախընտրի դա չանել, կմնա կոտրած տաշտակի առջեւ: Ասվածի ենթատեքստը, հստակեցրել է Տիգրան Սարգսյանը, այն է, որ իշխանությունը ձգտում է համագործակցության կամուրջ կառուցել ընդդիմության հետ: Խոսելով այն մասին, թե արդյոք այդ խոսքերի հասցեատեր կարելի է համարել Հանրապետական կուսակցության գործընկեր կուսակցություններին, մասնավորապես, , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կոալիցիոն գործընկերների հետ ՀՀԿ-ն գործընկերության սկզբունքներով է առաջնորդվում:




























