Մուամար Քադաֆիի մահվան նոր ու ուշագրավ հանգամանքներ են պարզվել: Քադաֆին հույս է ունեցել թաքստոց գտնել հարավաֆրիկյան Կարրու անապատի տարածքում եւ ապրել իրեն բնորոշ բեդվինական վրանում, գրում է Յոհանեսբուրգի City Press պարբերականը:

Դրա համար նա դիմել է մասնավոր թիկնապահական գործակալության, որն էլ իր հերթին մասնագետներ է գտել Քադաֆիի փախուստը կազմակերպելու համար: Նրանք երեք խմբերով Դուբայից եւ Կահիրեից մտել են Լիբիա, բայց երբ ավտոշարասյունը լքել է Սիրտ քաղաքի սահմանները, այն ընկել է ՆԱՏՕ-ի ավիացիայի գնդակոծման տակ, իսկ գնդապետն ինքը հայտնվել է ապստամբների ձեռքում եւ մի քանի ժամ տեւած այլասերված կտտանքներից հետո մահապատժի է ենթարկվել:

Ինչպես գրում է թերթը, վկայակոչելով ՀԱՀ-ի հատուկ ծառայությունների իր աղբյուրներին, վարձկանների մեջ Անցումային ազգային խորհրդի գործակալներ են եղել, իսկ Քադաֆիի տարհանման գործողությունն իրականում նրա վերացման ծրագրի մի մասն է եղել:

Քադաֆիին միտումնավոր են սպանել, այլապես նա կարող էր պատմել Սարկոզիի եւ Թոնի Բլերի հետ իր բարեկամության մասին: ՆԱՏՕ-ն ռազմական գործողության ամենասկզբից շահագրգռված է եղել Քադաֆիի ֆիզիկական ոչնչացման մեջ, գրում է Foreign policy-ն: Իսկ ժամանակին Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պատրաստ էին պար գալ Լիբիայի բռնապետի առջեւ:

Պարբերականը գրում է, որ Բլերի նախորդ Գորդոն Բրաունը փորձում էր զենք վաճառել Լիբիային, իսկ բրիտանացի մասնագետները Քադաֆիի ուժերին հակաահաբեկչական պայքարի մեթոդներն էին սովորեցնում:

Բայց Բրաունից եւ Բլերից առաջ է անցել Սարկոզին, ով 2007թ. պետական ընդունելություն է կազմակերպել Ելիսեյան պալատում: Դրանից հետո ֆրանսիական ընկերությունները տենդերներ էին շահել Լիբիայում: