Ղրղըզստանի նախագահի ընտրությունները չեն համապատասխանում ընդունված միջազգային չափորոշիչներին: Նման եզրակացության են հանգել ընտրություններին հետեւող միջազգային դիտորդները:

Ինչպես հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին», Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատակիցները, մասնավորապես նշել են ընտրողների ցուցակների անհամապատասխանությունները, որոշ քաղաքացիներ չեն գտել իրենց անունները հիմնական ցուցակներում եւ չեն կարողացել քվեարկել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, իրենց հերթին, հայտարարել են, որ Ղրղըզստանում«ավելի լավ ընտրությունների» հույս ունեին: Քվեների հաշվման գործընթացը չի համապատասխանել իրականությանը, արդյունքներն ուռճացվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին կայացած ընտրություններում 95 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո 62,88 տոկոսով առաջատարը վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւն է: