Լուրջ  կրքեր են բորբոքվել Երկրի  յոթմիլիարդերորդ բնակչի պատճառով, որը, ՄԱԿ-ի տվյալներով, պետք է ծնվեր հոկտեմբերի 31-ին: Աշխարհի տարբեր երկրներ հայտնում են, որ  յոթմիլիարդերորդ բնակիչը ծնվել է հենց իրենց տարածքում:

Ֆիլիպիններում այդ տիտղոսը շնորհվել է Դանիկա Մայ Կամաչոյին, որը ծնվել է մայրաքաղաք Մանիլայում, հոկտեմբերի 31-ին, ժամը 00:02-ին:  Ֆիլիպինների առաջնայնությունը խախտում է Հնդկաստանը, որտեղ Երկրի յոթմիլիարդերորդ  բնակիչ է հայտարարվել Նարգիս անունով աղջիկը:

Ռուսաստանում միանգամից  երեք նորածին` Սաշան, Նելին եւ Պյոտրը, ովքեր ծնվել են հոկտեմբերի 31-ին Պետրոպավլովսկ-Կամչատկայում, Պետերբուրգում եւ Կալինինգրադում, դարձել են ՄԱԿ-ի հայտարարած Յոթ միլիարդի օրվա խորհրդանիշ:

Հայաստանում  ՄԱԿ-ի բնակչության ֆոնդի հայկական գրասենյակը   խորհրդանշական յոթմիլիարդերորդ բնակիչ է հայտարարել Վահրամ Ոսկանյանին, ով ծնվել է հոկտեմբերի 31-ի գիշերը, ժամը 00:20-ին Արթիկ քաղաքում:

ՄԱԿ-ը դեռ չի որոշել, թե ում  է անվանելու մոլորակի յոթմիլիարդերորդ բնակիչ: Հնարավոր է, նրա անունը նոյեմբերի 1-ի մամլո ասուլիսի ընթացքում կհայտարարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նշենք, հոկտեմբերի 31-ին խորհրդանշական նախաձեռնություններ են տեղի ունեցել աշխարհի շատ երկրներում, բայց ճշգրիտ որոշել, թե ով է յոթմիլիարդերորդ բնակիչը, հնարավոր չէ: Ամեն երկիր ինքն է որոշում միջոցառումների ձեւաչափը: ՄԱԿ-ի բնակչության ֆոնդի նախաձեռնությունը խորհրդանշական բնույթ ունի, եւ նրա նպատակը խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է: 1999թ. ՄԱԿ-ը հայտարարել էր, որ վեցմիլիարդերորդ երեխան ծնվել է բոսնիական Սարաեւո քաղաքում: